Մատչելիության հղումներ

Փաշինյանը սոցիալ-հոգեբանություն թեմայով դասախոսություն կկարդա ՔՊ դպրոցում


Արտասովոր հարթակը, որի մասին վարչապետն է խոսել, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ժողովրդավարության դպրոցն է, որ կգործի վաղվանից։ Դպրոցի սաների համար դասախոսություններ կկարդան վարչապետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Ազգային ժողովի փոխխոսնակն ու իշխանական պատգամավորները։

Որոշումներին նախորդած շղթայական հոգեբանական գործընթացի մասին Փաշինյանը կպատմի։ Նա դասախոսելու է սոցիալ-հոգեբանություն թեմայով։

«Սոցիալ-հոգեբանության առումով շատ կարևոր է նաև ըմբռնել, թե ինչպես են կայացվում որոշումները, ինչպես ենք մենք, ընդհանրապես մարդիկ իրար վրա ունենում ազդեցություն, տպավորություն, և ինչպես են երբեմն մեր կողմից սադրված պրոցեսները վերադառնում այն պայմաններում, երբ մենք բացարձակապես գլխի չենք էլ ընկնում, որ մենք այդ պրոցեսի հետ ունենք շատ ուղիղ և օրգանական կապ», - ասել է նա։

Իշխող կուսակցության նորաբաց դպրոցում սովորելու հայտ է ներկայացրել հարյուրից ավելի թեկնածու, ընտրել են 40-ին, որոնցից 20-ը ՔՊ-ականներ են։ Ընտրելիս հաշվի են առել նաև նրանց գրած էսսեների բովանդակությունը։

«Հայաստանի մասին էին»,- կարճ ասաց կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Իսկ Արցախի թեմայո՞վ, «Ազատության» հարցին պատասխանեց. - «Ոչ, չեմ հիշում՝ ավելի ճիշտ, կներեք»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանին դպրոցը նախկին իշխանությունների օրինակն է հիշեցրել․ Հանրապետական կուսակցությունն էլ իր քաղաքական դպրոցն էր ստեղծել, որը գործում է մինչև այժմ։

«Առաջին հերթին իմ մտքում ծագեց Հանրապետականի օրինակը, և ամենայն հավանականությամբ իրենք իրար կապկում են ուղղակի», - ասաց նա։

«Եթե ՀՀԿ-ն ինչ-որ մի բան ունեցել է ժամանակին նույնական կամ նույն անունը կրող, դա չի նշանակում, որ այդ բանը պետք է առհավետ արգելված լինի մյուս կուսակցությունների համար», - շեշտեց իշխանական պատգամավոր Ալեքսանյանը։

Ելույթներով ու դասախոսություններով չէ, որ պետությունը դառնում է ժողովրդավար, այլ՝ գործողություններով, պնդում է Վարդան Հարությունյանը։ Իշխող կուսակցությունը, իրավապաշտպանի համոզմամբ, այդ քննությունը բազմաթիվ դեպքերում է տապալել. - «Այդ
հսկայական թվով «ախրանիկները», այդ աղմուկ-աղաղակը, որ ուղեկցում է նրանց տեղաշարժի ժամանակ, ու պարալիզացվում է քաղաքի մի հսկայական հատված, երբ նրանք գնում են ճաշի կամ ճաշից վերադառնում։

Գալիս են համապատասխան կարգախոսներով և լոզունգներով, հասնում իշխանության, և այդ ամբողջը նետվում է մի կողմ», - նկատեց նա։

Ժողովրդավարության դպրոցի առաջին սաները ՔՊ-ականների դասերը կլսեն կուսակցության գրասենյակում, շաբաթը երկու անգամ մեկ ժամով։

Իսկ ժողովրդավարության լսարանում կհնչե՞ն
Փաշինյանից ու նրա թիմակիցներից տարբերվող կարծիքներ, դասախոսություննե՞ր, Վահագն Ալեքսանյանը դժվարանում է հստակ պատասխանել. - «Նման քննարկում չեմ ունեցել, բայց տեսականորեն թույլ տվեք չբացառել դա, թեև մենք հիմա այն մտքով ենք, որ մեր թիմի անդամներն են այստեղ դասավանդելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG