Մատչելիության հղումներ

Լոռիում, ըստ մարզի ոստիկանապետի, «կրկնակի, նույնիսկ եռակի աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը»


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Լոռու մարզում կրկնակի, նույնիսկ եռակի աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ անգամ դպրոցականների շրջանում», - այսօր հայտարարեց Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։

Համայնքապետերի ու մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած նիստում իրավապահ համակարգի պաշտոնյան հորդորեց համագործակցել թմրամիջոցների տարածումը կանխելու գործում։

«Շատ ցավալի է, որ թմրամիջոցն արդեն մուտք է գործել անչափահասների գրպան։ Մենք ունենք դեպքեր, երբ անչափահասները և՛ իրացնում են, և՛ ձեռք են բերում, և՛ օգտագործում են թմրամիջոցներ», - ասաց Ոստիկանության մարզային վարչության պետը։

Նշեց, որ ոստիկանության աշխատակիցներն ամենօրյա շրջայցեր են ունենալու դպրոցներ, ուսումնական հաստատությունների ղեկավարներին հորդորեց աջակցել իրավապահներին:

Աճել են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի թվերը։ «Սա ևս ցավալի է», - ասաց Արթուր Զաքարյանը, շեշտելով. - «Այսօր մի զենքը համարում ենք մի կյանք»։

Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանն իր հերթին նշեց, որ 2023-ին նախորդ տարվա համեմատ ավելացել են հանցագործությունները, որոնք հիմնականում միջին ծանրության են, հավելելով, որ աճել են նաև հանցագործությունների բացահայտման թվերը։

Ըստ իրավապահների, Լոռիում անցած տարի հանցագործության 2 հազար 916 դեպք է արձանագրվել, որը նախորդ տարվա համեմատ 40 դեպքով ավելի է։ Հանցագործությունները 87.7 տոկոսով բացահայտել են։ Ընդ որում, ըստ Լոռու ոստիկանապետի, բացահայտված դեպքերը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG