Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս:
Կահիրեի միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլը:
Այսօր գործադիրի ղեկավարը նախ առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:
ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Եգիպտոսի վարչապետի Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ:
Անցած տարվա հունվարին Եգիպտոսի նախագահն էր պաշտոնական այցով Հայաստանում։ Նա հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի հետ, քննարկեց երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Փաշինյանն այն ժամանակ հայտարարեց, որ Եգիպտոսը Հայաստանի համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ Երևանի հարաբերություններում և խոսակցության մեջ:
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին էլ Երևանում նախ ընդգծեց, որ Արաբական Հանրապետությունը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների, ապա շեշտեց, որ Եգիպտոսը պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նա Կահիրեի չեզոք միջնորդությունն առաջարկեց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։