Թուրքիայում գտնվող Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Աբդալլահ Ալի Ալ-Յահյան քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Նա ընդգծել է ՀՀ դիրքորոշումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում հստակ հանձնառության և սահմանազատման հետագա գործընթացում առավել հստակության ապահովման կարևորության վերաբերյալ:
Արարատ Միրզոյանն ու Աբդալլահ Ալի Ալ-Յահյան քննարկել են նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում առկա ներուժն իրացնելու ուղղությամբ:
Արարատ Միրզոյանը Թուրքիա է մեկնել այսօր՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Ըստ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի, այցը շարունակվելու է մինչև մարտի 3-ը, նախատեսված է նախարարի մասնակցությունը քննարկումներին և երկկողմ հանդիպումներ։