Մատչելիության հղումներ

Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված մրցույթում հաղթել է Դավիթ Մինասյանի «Լա Բոհեմ» քանդակը


Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում մասնագիտական ժյուրին 60-ից ավելի հայտեր ու 100-ից ավելի մանրակերտների տարբերակներից կատարել է իր ընտրությունը: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունն 9 ձայնով առաջ է անցել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգևի կարժանանա:

«Սա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կարևոր կատարվելիք աշխատանքներից մեկն էր», - հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, - «Վստահ եմ, որ այս քանդակն իրապես արտացոլելու է այն էներգիան, որը Ազնավուրը իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»։

Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել մրցույթի բոլոր մասնակիցներին: «Ես տեսնում եմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր հոգին ու սիրտն է դրել նախագծերում: Հիմնական դետալները, որ մենք կարևորել ենք, այն էր, որ հուշարձանը տեսանելի լինի բոլոր կողմերից: Այս քանդակի հիմքում դրված է նաև մի առանձնահատուկ գաղափար, որ հայրս միայնակ չէ, այլ շրջապատված է իրեն ծափահարող հանդիսատեսով», - նշել է նա։

Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այս նախագիծը յուրահատուկ նշանակությունն ունի, ընդգծում է Երևանի քաղաքապետարանը։

Հուշարձանը տեղադրվելու է Ֆրանսիայի հրապարակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG