Մատչելիության հղումներ

Վանաձորցի կնոջը պոլիկլինիկայում ասել են՝ ինսուլինը վերջացել է. նա ծանր վիճակում հոսպիտալացվել է


Վանաձորցի 66-ամյա Լաուրա Հովհաննիսյանը պոլիկլինիկայից իր հասանելիք ինսուլինը մեկ շաբաթ շարունակ չստանալուց հետո ծանր վիճակում, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Արդեն 4 օր բուժում է ստանում՝ աննախադեպ բարձր սանդղակի հասած շաքարն իջեցնելու համար։

5 տարի ինսուլին դեղամիջոցից կախվածություն ունեցող հիվանդին պոլիկլինիկայում ասել են՝ դեղորայքը վերջացել է՝ պետք է սպասի։

«Ինչ ասացին՝ գնա ապտեկա, թեկուզ պատվիրի մեր ապտեկաներում։ Պրոսպեկտի վրայի ինչքան ապտեկա կա, մտել եմ, ասացին՝ մենք իրավունք չունենք պատվիրելու, դա անվճար պոլիկլինական տալիս է։ Ես էլ նորից գնացի, ասացի, բժշկուհին տաբլետկաներս փոխեց, չօգնեց։

Ես զգում էի, որ օրեցօր դեպի վատն եմ գնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Դուստրը՝ Վարդուհի Անանյանը պատմեց, որ ստիպված հիվանդանոց են տեղափոխել շաքարային դիաբետով հիվանդ մորը՝ սուր վիճակից հանելու համար. - «Պոլիկլինիկայի բուժող բժշկին զանգեցինք, առաջին ցուցումը, որ շաքարը չափենք։ Այնքան բարձր էր, որ նույնիսկ չափող սարքը չարձանագրեց որևէ նշան, անմիջապես շտապօգնություն զանգեցինք ու տեղափոխեցինք հիվանդանոց»։

Մարզպետարանից հերքում, Առողջապահության նախարարությունում զարմանում են, որ օրեր առաջ ինսուլինի դեֆիցիտ է եղել մարզում։ Մարզային իշխանությունների տրամադրած եռամսյա հաշվետվությունների ու պահանջարկի հիման վրա են իրականացվում բոլոր բաշխումները։ Լոռու մարզը, ըստ նախարարության պաշտոնյայի, մինչև մայիս ապահովված է ինսուլինի անհրաժեշտ քանակով, ու պետք է որ որևէ խնդիր չառաջանար։

Եթե կա հիվանդների թվի ավելացում, ապա այդ մասին պետական գերատեսչությունը պետք է տեղյակ լինի՝ հիմնավորված, որպեսզի քանակն ավելացնեն, ասում է նախարարության վարչության պետ Մարինե Հարությունյանը։

«Նախարարությունը ինսուլին դեղի մասով և ընդհանրապես այն բոլոր դեղերի մասով, որ նախարարությունն է ապահովում, որևիցե խնդիր չունենք։ Մենք ապահովված ենք, ինսուլինի մասով, համենայն դեպս, մի 4-5 ամսվա պաշարով։ Բոլոր մատակարարումները նախապես են արվում, մի քանի ամիս առաջ՝ հաշվի առնելով կենսական նշանակությունը դեղի», - նշեց նա։

Դեռևս պարզ չէ՝ ինչու պոլիկլինիկայում սրտացավ չեն եղել, ու եթե անգամ սպառվել էր ինսուլինը, չեն փորձել այլ բուժհաստատությունների պաշարներից վերաբաշխման միջոցով ստանալ, ինչպես նշում են նախարարությունում ու Լոռու մարզպետարանում։ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Անահիտ Դարբինյանը հրաժարվեց պատասխանել հարցերին։ Ասաց՝ տեղյակ չէ, որ դեղորայքի պակասի պատճառով ծանր վիճակում հայտնված հիվանդ ունեն, թեև քանի դեռ տեսախցիկն անջատած էր, հաստատել էր, որ մեկ շաբաթ ինսուլին չեն ունեցել։

«Ազատության»-ն ահազանգած հիվանդը պնդում է՝ պոլիկլինիկայում լսած իր փաստարկներով՝ ինսուլինի պակասն ամբողջ մարզում է եղել, չնայած պատասխանատուները հերքում են։

Առողջապահության նախարարությունից ասացին, որ մոտ մեկ ամսից դեղորայքի պլանավորումը կկատարվի արդեն էլեկտրոնային եղանակով՝ մարդկային սխալը նվազագույնի հասցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG