Մատչելիության հղումներ

Լավրովն Անկարայում Ֆիդանի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները


Լավրով-Ֆիդան հանդիպում Մոսկվայում, օգոստոս, 2023թ․
Լավրով-Ֆիդան հանդիպում Մոսկվայում, օգոստոս, 2023թ․

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ին Անկարա կատարելիք այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները, «ինչը հնարավոր է բացառապես Կիևի կողմից Ռուսաստանի շահերն ու մտահոգությունները հաշվի առնելու պարագայում», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ արտգործնախարարները կարծիքներ կփոխանակեն ուկրաինական ճգնաժամի շուրջ, կվերլուծեն մարտական գոտում առկա իրավիճակը։

«Չնայած Արևմուտքի կողմից բարեկամ երկրների վրա Ռուսաստանի հետ շփումները սահմանափակելուն ուղղված աճող ճնշումներին՝ մենք թուրք գործընկերների մեջ ցանկություն ենք տեսնում պահպանելու համագործակցությունը Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», - մասնավորապես, նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Լավրովը Թուրքիա է մեկնում՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ֆորումին կմասնակցի նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի այցի օրակարգից դեռ մանրամասներ չեն հաղորդվում։

XS
SM
MD
LG