Մատչելիության հղումներ

Տուգանքները կմեղմվեն, երկրորդ գծում կայանելու բալը կնվազի. վարորդների արձագանքը


Կարգազանց վարորդների համար լավ նորություններ կան խորհրդարանի դահլիճից։ Ջերմ հովվերգական մթնոլորտում խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանականները որոշեցին վաղը առավոտյան կողմ քվեարկել ճանապարհային երթևեկության տուգանքները մեղմող նախագծին։

Նախագիծը կառավարությունն է խորհրդարան բերել։ Ներքին գործերի փոխնախարարը պարզաբանեց՝ քաղաքացին եթե նախընտրի տուգանքի որոշումը ստանալ ոչ թե փոստով, այլ էլեկտրոնային ծանուցմամբ, 20 տոկոսով պակաս կվճարի։

«Այս կանոնն ուժի մեջ է մտնելու այս տարի մայիսի 1-ից», - ներկայացրեց Արփինե Սարգսյանը։

Հաջորդ փոփոխությունն այն է, որ տուգանված վարորդը եթե 15 օրում վճարի գումարի 70 տոկսը, մնացած 30-ը կմարվի։

«Այս բոլոր փոփոխությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացված վարչական իրավախախտումներին», - նշեց ներքին գործերի նախարարի տեղակալը։

Համաներման պես մի փոփոխություն էլ այժմ տուգանքներ ունեցող վարորդների համար՝ կարող են 50 տոկոսը վճարել, բայց օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսում։ Պատգամավորները հատկապես տաքսիստներից շատ են լսել երկրորդ գծում կայանելու ու տուգանքից բացի, կես միավոր կորցնելու մասին։ Հիմա այդ կեսը կդառնա 0.25 միավոր։

Իհարկե, տաքսի վարողները շատ կգովեին այս փոփոխությունները, եթե բալի նվազումն ընդհանրապես հանվեր։

«Թող տուգանքը գա, մարդիկ տուգանվեն, բայց բալ չհանեն», - ասում է նրանցից մեկը։

Համառորեն մուգ ապակիներով երթևեկողների համար անհաջող լուր կա՝ եթե տուգանվելուց հետո էլ շարունակեն շրջել անթափանց ապակիներով, կկորցնեն երկու բալ, ի վերջո վարորդական իրավունքը։

«Մենք հաճախ տեսնում էինք այդպիսի մեքենաներ, որոնց վարորդները երևի հարկ էին համարում, որ իրենք կարող են ամեն անգամ 25 հազար դրամ վճարել և շարունակել այդպես երթևեկել», - ասաց ՔՊ-ից Արսեն Թորոսյանը։

Իշխանական մի քանի պատգամավորներ նկատեցին, թե այս փոփոխությունները հաստատում են, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Ընդդիմությունից Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց։

Ոնց պտտվում եմ, տուգանվում եմ, իշխանականների հետ համաձայն չէ տաքսիստ Արտակը. - «Կանգնել եմ, մի վայրկյան շուրջ եմ խմել, ակտը եկել է, մայթին կպած եմ կանգնել, բա չեղա՞վ, որ մենք տուգանվելու մատերիալ ենք»։

Ճանապարհային երթևեկության խախտումների վիճակագրությունը շատ աշխույժ է։ Միայն վերջին մեկ շաբաթում միայն պարեկները շուրջ 20 հազար խախտում են արձանագրել, 350 վարորդ խմած է ճամփա դուրս եկել, ավելի քան 1000 հոգի մեքենա է վարել առանց վարորդական վկայականի, մոտ 700 հոգի վարել է հեռախոսով տարված, շուրջ 1700 վարորդ առանց տեխզննման է երթևեկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG