Մատչելիության հղումներ

«Հանդիպում ունեմ, արդեն ուշանում եմ». կծանրանա՞ Գևորգ Պապոյանի գրաֆիկը նոր պաշտոնում


Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը շուտով Ազգային ժողովի իր աշխատասենյակից կհավաքի իրերն ու կառավարություն կտեղափոխվի։

Ներկայիս աշխատավայրում իր անելիքների ժամանակացույցով վերջերս էր կիսվել, որպեսզի մարդիկ՝ «ամբողջական պատկերացում ունենան իմ սովորական աշխատանքային գրաֆիկի մասին. 09.00-ից ծանոթացում քաղաքացիների նամակներին, 09.50-ից 10.00 ճանապարհ ԱԺ-ից Մատենադարան, 13.26-ից հանդիպում, 17.10 քաղաքացիների ընդունելություն և այսպես շարունակ»։

Էլ ավելի՞ կծանրանա Պապոյանի գրաֆիկը էկոնոմիկայի նախարարի պաշտում, պարզ չէ։ Բայց արդեն իսկ ուշանում էր. «Հիմա այս հանդիպումից հետո մեկ այլ հանդիպում ունեմ, որից արդեն ուշանում եմ»:

Տնտեսագիտության դոցենտ, դասախոս ու 8 գիտական հրապարակում. սա էկոնոմիկայի հաջորդ նախարարի գիտական կարիերան է։ Աշխատանքային փորձն էլ խորհրդարանի կայքում է. բրենդային հագուստների դիստրիբյուտոր ընկերություններում մարկետինգային հետազոտությունների մասնագետի հաստիքից փոխտնօրենի պաշտոնին է հասել։

Գևորգ Պապոյանը թեև մինչ բոլորովին վերջերս պնդում էր՝ Վահան Քերոբյանի հրաժարականից հետո թափուր մնացած պաշտոնը չի ուզում և ոչ էլ նման հավակնություններ ունի, բայց իշխող կուսակցությունը նախօրեին հենց նրա թեկնածությանը հավանություն տվեց:

«Եթե շնորհավորելու բան է, շնորհակալ եմ, մեծ պատասխանատվություն է, ոչ թե ուրախանալու բան», - լրագրողներից մեկի շնորհավորանքին այսպես արձագանքեց հաջորդ նախարարը:

37-ամյա Պապոյանը սոցցանցերում է շատ ակտիվ. վերջերս, օրինակ, տեղեկացրել էր՝ ստացած հայկական կոնյակն անթույլատրելի նվեր է համարել ու հետ ուղարկել՝ շնորհակալություն հայտնելով։

Ավելի քան 5 տարի պատգամավոր աշխատած Պապոյանը տնտեսական ցուցանիշներից ամենաշատը խոսող իշխանականներից է. վերջին տվյալները՝ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության առաջին տարվա՝ 2018-ի հետ համեմատելու առաջամարտիկներից։ Վերջերս, օրինակ, գրել էր՝ այս հունվարին 2018-ի համեմատ ավելի քան 3 անգամ շատ հարկ է հավաքվել։

Տնտեսագետները տնտեսագիտության դոցենտ Պապոյանի հայտարարությունները ժամանակ առ ժամանակ մանիպուլյատիվ են որակում. օրինակ, անցած տարեվերջին պատգամավորը հղում անելով արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներին պարծեցել էր՝ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով տարածաշրջանի առաջատարը կլինի:

«Այս տարվա տվյալներով այդ ցուցանիշը կկազմի մոտ 8300 դոլար, ընդ որում, այս ցուցանիշով Հայաստանը անկախության պատմության մեջ առաջին անգամ Հարավկովկասյան տարածաշրջանում կլինի առաջինը», - նշել է նա:

Ի տարբերություն հարևանների՝ հայկական դրամն է էապես արժևորվել։ Դոլարային արտահայտությամբ ավելի մեծ թիվը մեծապես նաև հենց այս գործոնի ազդեցությունն է, միանգամից արձագանքեցին տնտեսագետները։

Դոլարո՞վ, թե՞ դրամով. նախկին իշխանություններին տնտեսական ձախողումների մեջ մեղադրելով Պապոյանն անցած տարի հայտարարեց՝ 2008-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ պակասել է:

«Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը 2008 թվականի արդյունքներով կազմել է 11,66 միլիարդ դոլար, 2017 թվականին այն կազմել է 11,53 միլիարդ դոլար, այսինքն, փոխանակ ավելանա դոլարային արտահայտությամբ 130 միլիոն դոլար էլ պակասել է», - այս ելույթում հաջորդ նախարարը մոռանում է նշել՝ դոլարի փոխարժեքն էր այդ տարիներին աճել. չէ՞ որ հենց այդպես են դոլարային արտահայտությունը հաշվում։

Ավելի վաղ, երբ պատգամավորն իրենց թիմի հաջողություններից էր խոսում, այս ցուցանիշը դրամով էր ներկայացնում՝ աճը ցույց տալու համար. «Բացարձակ դրամային արժեքով համախառն ներքին արդյունքը 2007-ի համեմատ կրկնապատկվել է»:

Գևորգ Պապոյանը էկոնոմիկայի նախարար կնշանակվի Հանրապետության նախագահի հրամանագրով, պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումն արդեն գրել է։

XS
SM
MD
LG