Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ուկրաինայի, ԵՄ դեսպանները ցավակցել են Խոջալուի 1992 թվականի դեպքերի կապակցությամբ։
«Այս օրը մեր սրտերը լցվում են անասելի ցավով ու տխրությամբ։ Խոջալուի ողբերգությունը նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկն է։
Որևէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, որ 21-րդ դարում իրադարձությունները կարող են կրկնվել Եվրոպայի սրտում: Այն, ինչ այսօր անում է Ռուսաստանն Ուկրաինայի դեմ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ», - ֆեյսբուքի իր էջում գրել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսապան Վլադիսլավ Կանևսկին։
ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին ևս Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ «ոգեկոչում են 1992 թվականին Խոջալուում սպանված հարյուրավոր մարդկանց հիշատակը»:
«Կիսում ենք Խոջալուից տեղահանվածների վիշտը։ Մեր պարտքն է աշխատել տարածաշրջանում խաղաղության համար և ապահովել, որ նման ողբերգությունները չկրկնվեն»,- գրել է Լիբբինը։
Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետր Միխալկոն էլ Ֆեյսբուքում, մասնավորապես, նշել է․ - «Հարգում ենք Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը։ Պետք է միասին աշխատենք հանուն կայուն խաղաղության, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն»։
Խոջալուի իրադարձությունները Ադրբեջանը տասնյակ տարիներ ջանում է ներկայացնել իբրև հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանություն», հայկական կողմը հերքում է այդ պնդումը և քարոզչական հնարք որակում այն:
Խոջալուի դեպքերի վերաբերյալ կարծիքները հակասական են նաև Ադրբեջանի իշխանական վերնախավում․ 24 տարի առաջ Ադրբեջանը ղեկավարած Այազ Մութալիբովի համոզմամբ՝ Խոջալուի դեպքերը իր երկրի ընդդիմությունը կազմակերպել էր իրեն վարկաբեկելու և պաշտոնանկ անելու համար։
«… Հայերն, այնուամենայնիվ, միջանցք էին թողել, որով մարդիկ կարող էին փախչել: Ուրեմն ինչո՞ւ պետք է նրանք կրակեին»,- իր հարցազրույցներից մեկում նշել էր Ադրբեջանի նախկին նախագահը։