Մատչելիության հղումներ

«Անգամ լռությունը տեսք ունի». տեսողական խնդիրներ ունեցող Վաչեն ստեղծագործում է, իր գրած երգերով բեմ դուրս գալիս


Դիլիջանցի Վաչե Գրիգորյանն իրեն սահմանափակող, այս կամ այն արգելող խորհուրդներ սկսել է լսել փոքրուց, երբ կորցրել է աչքի վերջին լույսը։ Անգույն ստվերներով ու, ինչպես ինքն է նկարագրում, աչքից պոկվող փոքրիկ օղակներով է տեսնում աշխարհը, բայց այն իրեն երբեմն ավելի լուսավոր է թվում, քան ամեն ինչ իրական գույներով տեսնողներիս։ Ասում է՝ իր համար անգամ լռությունը տեսք ունի՝ սիրուն, պատկերավոր ու գունեղ։

Ստեղծագործում է, իր գրած երգերով բեմ դուրս գալիս։ Ասում է՝ բնության՝ իրեն անտեսանելի գույներն են ոգեշնչել, դժվարությունները հաղթահարելու համար մուսա դարձել։

Սկզբում թերահավատ հայացքներ է որսացել, դռներ են փակվել. ոչ ոք չէր հավատում, որ առանց աչքի լույսի կարող է որևէ գործատուի աշխատողը դառնալ։ Բայց համառել ու տարիներ հետո արդյունքի է հասել։

41-ամյա Վաչեն արդեն ութ տարի Դիլիջանի համայնքապետարանում տուրիզմի հարցերով պատասխանատուն է։ Տավուշի այս գեղատեսիլ քաղաքը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու բոլոր ձևերը գիտի. կիրառում է՝ անձնական բլոգից մինչև տուրիստական բուկլետներ ու գովազդային հոլովակներ։

Վաչեին կենցաղային հարցերում երբեմն եղբայրը կամ մորաքույրներն են օգնում, բայց փորձում է շատ բան ինքնուրույն անել։ Ասում է՝ նեղություն տալ չի սիրում։

Իր իրավունքները լիարժեք պաշտպանված է համարում, սկսել է արդեն հաշմանդամություն ունեցող այլ անձանց իրավունքներով զբաղվել։ Ամենակարևոր խնդիրը նրանց զբաղվածությունն է, աշխատանք չեն գտնում, ասում է ու խորհուրդ տալիս ուժեղ լինել, առնվազն իր օրինակով:

Մանրամասներն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG