Չեխիայի իշխանությունները ԱՄՆ-ի իրավապահներին են փոխանցել Փոլադ Օմարովին, ով մեղադրվում է Իրանի իշխանությունների կոշտ քննադատ, ակտիվիստ Մասիհ Ալինեջադի մահափորձի մեջ։
Օմարովը Չեխիայում ձերբակալվել է 2023 թվականի հունվարին, հուլիսին, ինչպես հայտարարել է Չեխիայի արդարադատության նախարարությունը, որոշում է կայացվել հօգուտ արտահանձնման, սակայն գործընթացը երկարաձգվել է կասկածյալի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված բողոքով պայմանավորված, որը մերժվել է։
OCCRP-ի տվյալներով՝ Օմարովը ծնունդով Վրաստանից է, հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի, մեղադրվում է սպանությունների, առևանգումների, ինչպես նաև մի շարք երկրներում հանցավոր խմբավորումներին անդամակցելու մեջ, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում։