Մատչելիության հղումներ

Ռուսաստանի որոշ քաղաքներում ՀՀ քաղաքացիներից պահանջում են անձնագրի ելքի կլոր կնիքը


Թեև իշխանությունները դեռ չորս ամիս առաջ են տեղեկացրել, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց կապույտ անձնագրով կարող են արտասահման մեկնել առանց ելքի կլոր կնիքի, բայց Ռուսաստանի որոշ քաղաքներում միգրացիոն ծառայությունը մարդկանցից դեռ այդ կնիքն է պահանջում։

Լրացուցիչ խնդիրներ չունենալու մտավախությամբ մեր զրուցակիցը ցանկացավ անանուն մնալ, պատմեց, որ անգամ Մոսկվա են հասել, հյուպատոսի գրությունը ներկայացրել տեղի պատկան մարմիններին, հուսալով, որ գոնե այդպես կերկարացնեն իրենց տարեկան գրանցումը։ Բայց պատասխան դեռ չունեն։

Ոչ կենսաչափական անձնագրում ելքի կնիքը նախկինում պարտադիր էր սահմանը հատելու համար, բայց կառավարությունն անցած տարի հանեց այդ սահմանափակումը։ Այսինքն արտերկիր մեկնելիս այժմ անձնագրի վավեր լինելու հիմքը ոչ թե կնիքն է, այլ հենց անձնագրում նշված ժամկետը։

Ինչո՞ւ են խնդիրների բախվում Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացիները

Ինչո՞ւ են այդ դեպքում խնդիրների բախվում Ռուսաստան մեկնած Հայաստանի քաղաքացիները. միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է՝ այդպիսի հարյուրավոր ահազանգեր են ստացել:

«Մենք խնդիր ունենք Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն ծառայությունների աշխատակիցների հետ, որոնք հրաժարվում են միգրացիոն հաշվառման վերցնել կամ միգրացիոն հաշվառումը երկարացնել մեր աշխատանքային միգրանտների կամ ՀՀ քաղաքացիների, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, ում անձնագրում, ըստ իրենց ելքի կամ վավերականության ժամկետն անցած է: Քանի որ հունվարի 1-ից այլևս չեն կարող այդ մարդիկ երկարացնել այդ կնիքը, ստացվում է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությունում չեն կարողանում միգրացիոն հաշվառման կանգնել կամ հաշվառումը երկարացնել, ինչի արդյունքում իրենք դառնում են անօրինական և այս մարդկանց կա՛մ մուտքի արգելք են դնելու, կա՛մ արտաքսելու են», - նշեց Բեժանյանը:

Փորձագետը տարակուսած է՝ եթե հայ և ռուս սահմանապահները սահմանը հատող ՀՀ քաղաքացուց չեն պահանջում այդ կնիքը, ապա ինչո՞ւ է այլ երկրի ներսում դա պարտադիր պահանջ: Ասում է՝ Արտգործնախարարությունը չպետք է մենակ թողնի իր քաղաքացուն։

Հայաստանի միգրացիոն ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանն «Ազատությանն» ասաց՝ իրենք նույնպես տեղյակ են խնդրից, շարունակում են իրազեկումը:

«Ռուսաստանի տարածքը մեծ է, կարող են լինել, այսպես ասած, դանդաղումներ, ու մեր հյուպատոսական ծառայությունների միջոցով ԱԳՆ-ի ու ինքներս մեր ռուս գործընկերների հետ իրազեկման աշխատանքները շարունակում ենք, որ իրազեկման պատճառով գործընթացային պրոցեսները չտուժեն», - ասաց Դավթյանը:

«Ազատության» հարցն՝ հետևաբար ի՞նչ խնդիր կա, Միգրացիոն ծառայության մամուլի խոսնակը պատասխանեց. - «Մենք ներքին հաղորդակցության խնդիր ենք տեսնում ռուսական պետական տարբեր օղակների միջև»:

Իսկ Հայաստանի արտգործնախարարությունից պնդում են՝ պատշաճ ծանուցել են ռուսական կողմին այս փոփոխությունների մասին, միաժամանակ ընդունում են, որ դեռ աշխատում են, որ խոչընդոտներ չլինեն։ Մեր անանուն զրուցակիցն ասում էր՝ խնդրին միայն ինքը չի բախվել՝ հարազատները, ընկերները։

«Եթե կան կոնկրետ քաղաքացիներ, որոնք Ձեզ հայտնել են խնդիրների մասին, ապա կարող են դիմել համապատասխան օղակներով»,- ընդգծում են արտաքին գերատեսչությունից։

Խնդիրների բախված հայաստանցիները, ըստ փորձագետի, ՌԴ-ում ՀՀ հյուպատոսներին են դիմում, իսկ նրանց վերադասը հենց ԱԳՆ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG