Մատչելիության հղումներ

Բրիտանիայի Գերագույն դատարանն այսօր կքննի Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշման դեմ բողոքը


Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն այսօր պետք է վճռի, թե արդյոք հնարավոր է նոր լսում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ։ Եթե դատարանը մերժի միջնորդությունն, ապա այն այլևս չի կարող բողոքարկվել Մեծ Բրիտանիայում։

Ջուլիան Ասանժը կկարողանա դիմել ՄԻԵԴ՝ իր արտահանձնումը արգելափակելու համար, սակայն նրա աջակիցների կարծիքով, նա կարող է պարզապես չհասցնել դա անել:

ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում են լրտեսության 17 դրվագներով, ինչպես նաև Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ գործողություններին առնչվող գաղտնի փաստաթղթեր համակարգչի ապօրինի կիրառմամբ հրապարակելու համար: Դատախազները պնդում են, որ Ասանժն օգնել է ամերիկացի նախկին զինծառայող Չելսի Մենինգին ռազմական նշանակության գաղտնի փաստաթղթեր գողանալու հարցում: Դրանք հետագայում հրապարակվել են WikiLeaks կայքում։

Այդ մեղադրանքներով Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։ Խուսափելով արտահանձնումից՝ 52-ամյա Ասաննժը 7 տարի անցկացրել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում, սակայն էկվադորցիները նրան փոխանցել են բրիտանացի իրավապահներին: Անցած հինգ տարիներին Ասանժը պահվում է Լոնդոնի բանտում։ Նրա փաստաբանները պնդում են, որ նրա արտահանձնումը կհամարվի պատիժ նրա քաղաքական հայացքների համար և կխախտի խոսքի ազատության իրավունքը:

Նա Ավստրալիայի քաղաքացի է: Այդ երկրի խորհրդարանը Լոնդոնին կոչ է արել թույլ տալ Անասնժին վերադառնալ հայրենիք։ Ասանժի աջակիցները և մերձավորները մտահոգված են նրա առողջության համար և ասում են, որ նա կարող է մահանալ արտահանձնման դեպքում: 2021 թվականին շրջանային դատավորը մերժել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ խնդրանքը, նշելով, որ արտահանձնման դեպքում մեղադրյալը կարող է ինքնասպան լինել, եթե պահվի դաժան բանտային պայմաններում։ 2022 թվականին, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները երաշխավորել է Ասանժի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը, նրան արտահանձնելու որոշումը հավանության է արժանացել մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG