Մատչելիության հղումներ

Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ


Լուսանկարը՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի էջից
Լուսանկարը՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի էջից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք սպասում ենք մեր Ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին։ Իհարկե, տարածաշրջանային հարցերը ևս շատ կարևոր են մեր օրակարգի համար։ Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել Ձեզ հետ», - վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Էնթոնի Բլինքենն իր հերթին նշել է՝ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար:

«Մենք գնահատում ենք նրա՝ կայուն խաղաղության հանդեպ հանձնառությունը։ Մենք նաև կարող ենք ուժեղացնել մեր երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա:

Էնթոնի Բլինքենն էլ ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին և երկխոսությունը շարունակելու հույս հայտնել:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը:

2023-ին Միյունխենում Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Իլհամ Ալիևը ևս Մյունխենում է, սակայն հայտնի չէ՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը նվիրված բանակցություններ լինելո՞ւ են, թե՝ ոչ։

XS
SM
MD
LG