Մատչելիության հղումներ

Բայրամովն ու Օ՛Բրայենը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև երկու երկրների երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերը։

Ադրբեջանի արտգործնախարարն անդրադարձել է սահմանային իրավիճակին՝ նշելով՝ «հայկական սադրանքը, որը հանգեցրել է դիպուկահարի կրակոցների հետևանքով ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, նպատակ ուներ հարված հասցնել խաղաղ գործընթացին»։

Բայրամովը Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը որակել է իբրև «Ադրբեջանի դեմ քարոզչության միջոցի համատարած չարաշահում»։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծին՝ Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է «Հայաստանի Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջները և ընդգծել այդ պահանջներից հրաժարվելու կարևորությունը»։

Փետրվարի 12-ին ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Հայաստանի Ռազմական ոստիկանությունն, ըստ էության, չէր հերքել, որ հայկական դիրքերից են նախ կրակոցներ արձակվել: Ընդ որում, ընդգծել էին, որ հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Ռազմական ոստիկանությունը, սակայն, շեշտել էր, թե նախնական տեղեկատվությամբ՝ նման իրավիճակ այդ հատվածում չի եղել: Փետրվարի 13-ին Բաքուն հայտարարեց, թե Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն: Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմից 4 մարդ զոհվեց, 1-ը՝ վիրավորվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG