ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայք Թերները չորեքշաբթի կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ գաղտնազերծել Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի մասին տեղեկատվությունը։
Թերները նշել է, թե այդ դեպքում Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կկարողանան բաց քննարկել, թե ինչպես արձագանքել այդ սպառնալիքին։
Ավելի վաղ Թերները նամակ էր ուղարկել Կոնգրեսի բոլոր անդամներին՝ տեղեկացնելով, որ իր հանձնաժողովը «օտարերկրյա պետության կողմից «ապակայունացնող ռազմական հնարավորության» մասին գաղտնի տեղեկատվության է տիրապետում։ Թե որ պետության մասին է խոսքը, հայտարարության մեջ չի նշվում։
Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, նշում են, որ այդ տեղեկությունը կարող է կապված լինել Ռուսաստանի, մասնավորապես, տիեզերքը ռազմական նպատակներով օգտագործելու հնարավոր ծրագրերի հետ։
ABC News-ը, վկայակոչելով երկու աղբյուր, հայտնում է, որ խոսքը հնարավոր է տիեզերքում միջուկային զենքի տեղադրման սպառնալիքի մասին է՝ պարզաբանելով՝ խոսքը ոչ թե տիեզերքից միջուկային ռմբակոծման, այլ արբանյակների դեմ այդ զենքերի հնարավոր կիրառման մասին է։
Fox News-ի թղթակից Ջեքի Հենրիխը, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները, նույնպես գրում է, որ պոտենցիալ սպառնալիքը կարող է կապված լինել տիեզերքի հետ։
Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունները։