Ալիևի պահանջները չեն ավարտվելու, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը:
«Ազատություն». - Համաձայն չե՞ք վարչապետ Փաշինյանի հետ, որ խաղաղությունն անհնար է, եթե Սահմանադրությունում վկայակոչում ենք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին դրույթ:
Սուքիասյան. - Իսկ վարչապետը համաձա՞յն է այն մտքի հետ, որ «Արցախը Հայաստան է և վերջ» պնդումը մոտեցնում էր պատերազմը: Այստեղ մենք գործ ունենք հարցի ի սկզբանե ֆունդամենտալ մանիպուլյացիայի հետ: Եթե բերվում է որպես շարժառիթ, պատճառ կամ առիթ այն հանգամանքը, որ Սահմանադրությունում կա որևէ կետ կամ, որ Արտաշատի կողքը մետալուրգիական գործարան է բացվում, կամ որևէ այլ բան, որը պետք է չանել, որովհետև անելու դեպքում կամ պահպանելու դեպքում բերելու է պատերազմի, այս հարցն արմատապես մանիպուլյատիվ հարց է: Եթե սա հանենք, ուրիշ առիթներ են դրա փոխարեն դրվելու: Այսինքն՝ պարզապես շարունակելու ենք այս շղթան տանել: Այսինքն՝ եթե անգամ հեռացնենք սա, դա չի նշանակելու, որ Ադրբեջանն ասելու է՝ լավ, վերջ, Հայաստանը հասցեագրեց բոլոր այն պատճառները, որոնք մեզ տանում էին թշնամանքի, այլևս չկան, այդպես չի լինելու: Եթե գնանք այս տրամաբանությամբ, այն ժամանակ քննադատներին իշխող ուժը պատասխանում էր, որ պատերազմն այսպես, թե այնպես լինելու էր և Արցախը Հայաստան է և վերջ արտահայտությունը չէ, որ դարձավ պատճառ, միգուցե այն մոտեցրեց: Հիմա եթե վերցնենք նույն տրամաբանությունը կիրառենք այստեղ, այո, ինչ-որ մի առիթ հանելու ենք, բայց դրա փոխարեն այլ առիթ է գալու:
«Ազատություն». - Պարոն Սուքիասյան, այստեղ ավելի շատ հետագա հավակնությունների մասին է, որովհետև խաղաղության պայմանագիրը ենթադրում է փակել այդ էջը և ասել՝ մենք այլևս իրար նկատմամբ պարտք ու պահանջ չունենք, բայց մեր նպատակն է հետ բերել Ղարաբաղը, մենք դա գրում ենք Սահմանադրությունում, Ադրբեջանն էլ ասում է՝ դե լավ, եկեք ստորագրե՞նք այդ խաղաղության պայմանագիրը:
Սուքիասյան. - Ադրբեջանն էլ, իր հերթին, իր Սահմանադրության մեջ ունի այնպիսի դրույթներ, որոնք կոնֆլիկտոգեն են, ինչպես վարչապետն է արտահայտվել դրա մասին, և Ադրբեջանը վստահաբար ցույց չի տալու որևէ միտում իր Սահմանադրության մեջ այդ կետերը փոխելու համար: Բացի այդ, անգամ եթե դա չաներ, բայց լիներ հավաստի դիրքորոշում Ադրբեջանի կողմից, որ սա է մեր կոնֆլիկտի պատճառը, եթե սա չլինի, մենք ազնվորեն գնալու ենք խաղաղության, անգամ այդ դեպքում, լավ, նստեք քննարկեք, բայց չկա դա: Սա պարզապես հերթական ճնշումն է Հայաստանի վրա, թե՛ Հայաստանի ներքին դեստաբիլիզացիայի համար, թե՛ անգամ հեռավոր ապագայում ինչ-որ ազգային արժանապատվության վերականգնման փորձերից զրկելու, բայց, ցավոք, չկա ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանի իշխանությունների մոտ այն գիտակցումը, որ եթե նպատակն այլևս կոնֆլիկտ չունենալն է, այլևս կռիվ չունենալն է, այս քաղաքականությունը չի նպաստելու դրան:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.