Իսրայելական բանակը Գազայում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության գործակալության կենտրոնակայանի տակ հայտնաբերել է արմատական «Համաս» խմբավորման թունել։ «Համաս»-ը ահաբեկչական խմբավորում է ճանաչվել ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Թունելում տեղակայված էր խմբավորման հետախուզական կենտրոնը։ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը հայտնել է, որ տեղյակ չի եղել թունելի մասին:
Իսրայելցի զինվորականները լրագրողներին առաջնորդել են 700 մետրանոց թունելով։ Կենտրոնակայանի շենքի անմիջապես ներքևում հայտնաբերվել են տարածքներ, որտեղ տեղադրված են եղել սերվերներ և այլ համակարգչային սարքավորումներ: Ըստ զինվորականների՝ դա եղել է «Համաս»-ի հետախուզական կենտրոն։ Նաև ստորգետնյա գրասենյակային տարածք է հայտնաբերվել մոտակա դպրոցի շենքի տակ, որը ղեկավարվում է ՄԱԿ-ի գործակալության կողմից:
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին X սոցիալական ցանցում գրել է, որ գործակալությունը չգիտեր, թե ինչ կա իր շենքի տակ։