25-ամյա լոռեցի Ժաննա Սարգսյանն իր հարազատ Հարթագյուղում անընդհատ առերեսվել է փակ դռներին ու արգելքներին։ Հատուկենտ համակիրներ է գտել, որոնք իր նման կարծում են, թե կինը ևս կարող է կրթություն ստանալ ու հաջողել իր գործում։
«Իմ պայքարը հիմնականում սկսվել է հենց դպրոցն ավարտելուց հետո՝ 17-18 տարեկանում, որ ես արդեն գիտակցում եմ՝ ավելի բարձր կետերի հասնելու համար պիտի պայքարես, առաջինը հենց տան անդամների դեմ», - ասում է նա։
Գյուղերում ուրիշի կարծիքով հագուկապ, մասնագիտություն, անգամ փեսացու են ընտրում։ Ինքը դեմ է գնացել համագյուղացիներին, հաճախ նաև ընտանիքին: Դա որքան խանգարել, նույնքան էլ՝ օգնել է իրեն ավելի ուժեղանալու, ասում է։
Դպրոցն ավարտելուց հետո Ժաննային երազանք են թվացել բարձրագույն կրթությունը, սիրած մասնագիտությունն ու աշխատանքը։
Այժմ Վանաձորում է ապրում։ Սիրահարվել է, ամուսնացել համակուրսեցու հետ։ Երկուսով դեռ ուսանող են։ Մեկ տարեկան երեխայի հետ դասի է գնում, ծրագրեր անում, մարդու իրավունքների պայքարին միանում։
Չնայած ընտանիքը դեմ է եղել իր իրավաբան դառնալու մտքին, բայց հաստատակամ է. ասում է՝ ամեն ինչ կանի գյուղերում կարծրատիպեր կոտրելու, փոքր համայնքներում կնոջն ավելի պաշտպանված դարձնելու համար։ Երազում է, որ իր երեխան ավելի ուժեղ և նպատակասլաց լինի։