Պաշտոնական Մոսկվան հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ, քննադատել այդ ընտրական գործընթացների վերաբերյալ բացասական գնահատականները:
Ռուսաստանի արտգործնախարարությունը մեջբերել է ռուսաստանցի դիտորդների մեկնաբանությունները՝ «քվեարկությունն անցել է մրցակցային պայմաններում, այլընտրանքային հիմունքներով և բարենպաստ մթնոլորտում»։ «Այս ֆոնին ծայրաստիճան կողմնակալ էին Արևմուտքի երկրների և նրանց կողմից վերահսկվող միջազգային կառույցների գնահատականները, որոնք, ինչպես տեսանք, ի սկզբանե չափազանց կողմնակալ էին Ադրբեջանի նախագահական ընտրությունների նկատմամբ և կիրառում էին ընտրական գործընթացը վարկաբեկելու նախապես հաստատված մեթոդներ», - ասվում է հայտարարությունում։
Ողջունելով Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրվելը, Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է՝ «ռուսական կողմը հավատարիմ է Ադրբեջանի հետ դաշնակցային և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ակտիվ համատեղ աշխատանքին, ներառյալ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրագործման ուղղությամբ»։