Մատչելիության հղումներ

NYT․ Ռուսաստանն ապասառեցրել է Հյուսիսային Կորեայի ակտիվները՝ զենքի դիմաց


Ռուսաստանը զինամթերքի դիմաց թույլատրել է Հյուսիսային Կորեայի հասանելիությունը համաշխարհային ֆինանսական համակարգին, ինչպես նաև ապասառեցրել է որոշ ակտիվներ, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ դաշնակիցների հետախուզական ծառայությունների աղբյուրներին։

Աղբյուրները հստակեցրել են՝ Ռուսաստանի իշխանությունները ֆինանսական հաստատություններից մեկին թույլատրել են ակտիվացնել ռուսական բանկերում սառեցված մոտ 30 միլիոն դոլարից 9 միլիոնը։

Այս գումարը Հյուսիսային Կորեան ենթադրաբար կծախսի նավթի գնման համար։ Աղբյուրները նշում են, որ Մոսկվան Փհենյանին թույլատրել է բանկային հաշիվ բացել մասամբ ճանաչված Հարավային Օսիայի տարածքում։ Վրաստանն այս տարածքը համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված։

Փորձագետները հույս ունեն, որ Ռուսաստանն այնուամենայնիվ զգույշ կգործի։

2023 թվականի հոկտեմբերին Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին ասել էր, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին զենքի խմբաքանակ է տրամադրել։ Սպիտակ տունը լուսանկար էր հրապարակել, որում, իբր, պատկերված է Հյուսիսային Կորեայի պահեստից զինամթերքի առաքումը: Վաշինգտոնի տվյալներով՝ առաքումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Հարավային Կորեայի հետախուզությունն իր հերթին հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան երեք ամսում մեկ միլիոն հրետանային արկ է ուղարկել Ռուսաստան։

Այս հունվարին Քիրբին նաև հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան վերջերս Ռուսաստանին է մատակարարել մարտավարական հրթիռային համակարգեր և բալիստիկ հրթիռներ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի՝ Ռուսաստանն արդեն հյուսիսկորեական հրթիռներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ դեկտեմբերի 30-ին և հունվարի 2-ին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ յոթ երկրներ Ռուսաստանին մեղադրել են Փհենյանի հետ ռազմատեխնիկական համագործակցության էմբարգոն խախտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG