Մատչելիության հղումներ

Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու հիմքով երկու դայակների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է


Անչափահաս երեխայի մոր՝ ահասարսուռ հայտարարությունից շուրջ 2 տարի անց, մանկապարտեզի երկու դայակների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է: Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարել են, նաև փորձաքննության եզրակացությամբ չի հիմնավորվել, թե երեխայի նկատմամբ հենց այդ դայակներն են բռնություն կիրառել:

Տուժող կողմի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Քննչականի այս որոշումը բողոքարկելու համար դատարան է մտել, պատասխանը մյուս շաբաթ կհրապարակվի։ Պետրոսյանն ասում է՝ ծնողը պնդում է՝ իր երեխային այդ երկու դայակներն են բռնության ենթարկել՝ մասնակից դարձնելով նաև խմբի մի քանի այլ երեխաների: Ապացույցներն ավելի քան հիմնավոր են՝ ընդգծեց փաստաբանը:

«Փորձագետներն էլ էին հանգել եզրակացության, որ դա երեխայի երևակայության արդյունք չի կարող լինել, որ երեխան վերարտադրում է այնպես, ինչ որ տեղի է ունեցել: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որևէ հանգամանք հաշվի չառավ, կար նաև բժշկական փորձաքննություն, կային ապացույցներ, որոնք հիմք էին տալիս վկայելու, որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը առերևույթ դեպքը տեղի է ունեցել: Սակայն նախաքննական մարմինները դրսևորեցին այսպիսի վարքագիծ ու կայացրեցին որոշումը», - ասաց նա:

Ինեսսա Պետրոսյանն ասում է՝ նախաքննության ընթացքն անհարկի ձգձգվել է, գործով 4 քննիչ է փոխվել և այլն: Ինքն այդ մասին բողոքներ է ուղարկել գործը հսկող դատախազին, բայց ապարդյուն:

Շուրջ երկու տարի առաջ մանկապարտեզի երեխաների ծնողները հավաքվել էին ոստիկանության բակում ու պնդում՝ իրենց երեխաները չեն մասնակցել ոչ մի բռնության, այդպիսի մանրամասներ չեն պատմել, դայակներն էլ հոգատար են ու պրոֆեսիոնալ:

Դայակները ծնողի ու երեխայի ցուցմունքներից հետո շարունակել են մանկապարտեզում աշխատել:

Դայակներից մեկի փաստաբան Ենոք Ազարյանից հետաքրքրվեցինք՝ նրանց աշխատանքի վերադառնալն արդյո՞ք հնարավորություն չի գործով անցնող մարդկանց վրա ազդելու։

«Չեն գտել նպատակահարմար, չեն միջնորդել, չեն կասեցրել, նշանակում է, որ իմ պաշտպանյալը պետք է աշխատեր: Ոչ միայն երեխաները, երեխաների ծնողները հրավիրված են եղել, նախաքննության մարմնի կողմից շատ խորը բազմակողմանի նախաքննություն է ընթացել», - նշեց Ազարյանը:

Քննչական կոմիտեից փոխանցում են՝ երբ այդ երկու դայակների մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ ձեռք բերվեն, նախաքննությունը կրկին ակտիվ փուլ կմտնի, այս պահին վարույթը պասիվացվել է, քերական գործը, սակայն, չի կարճվել:

Անչափահաս երեխայի ծնողն, ի դեպ, պնդել էր՝ իր երեխան չէր կարող այդքան մանրամասն ստեր հորինել ու նույնը պարբերաբար կրկներ: Ընդգծել էր՝ իր երեխայի հետ դաժան են վարվել, նրա հոր պակիստանցի լինելու պատճառով:

Ինեսսա Պետրոսյանը ներկա է եղել երեխայի հարցաքննությանը, մի բողոք էլ այդ մասով է ներկայացրել: Ասում է՝ հենց հոգեբանի ներկայությունն է կաշկանդել երեխային: Ըստ փաստաբանի՝ հոգեբանը քննիչից չի տարբերվել։ Ինեսսա Պետրոսյանը, որ ավելի քան 8 տարի կանանց ու երեխաների բռնությունների դեպքերով է զբաղվում, պնդում է՝ իրավապահ համակարգում բարեփոխված մասնագետները հատուկենտ են, իսկ համակարգը՝ հատկապես այսպիսի զգայուն գործերով հիմնականում ուղղորդվում է կաղապարված ու կանխակալ մոտեցումներով:

XS
SM
MD
LG