Երկուսուկես տարվա քննությունից հետո դատարանն այսօր մեղավոր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին։ 64-ամյա բժիշկը չի ազատազրկվի՝ դատավոր Վահե Միսակյանը նրան դատապարտեց 3.5 տարվա պայմանական ազատազրկման։ Ընտրական հանցանքի համար մեղավոր ճանաչված Չարչյանը, սակայն, արդարացում է պահանջում և բողոքարկելու է այս որոշումը։
Պրոֆեսորը, որ ամիսներ առաջ առանց իր ընտրողներին բացատրություններ տալու հրաժարվել էր պատգամավորական մանդատից և վերադարձել իր մասնագիտությանը, այսօր ևս չցանկացավ մեկնաբանություն տալ։
Իրավապահները Չարչյանին մեղադրել էին ընտրություններին մասնակցելուն հարկադրելու հոդվածով։ Մայր աթոռին պատկանող «Իզմիրլյան» հիվանդանոցի տնօրենն, ըստ մեղադրանքի, 2021-ի արտահերթի քարոզարշավի ժամանակ իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել էր պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ու խոչընդոտել ընտրողների ազատ կամքին։ «Անկախ դիտորդի տարածած» ձայնագրությունում լսվում էր նաև, թե Չարչյանն ինչպես է զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։ Չմասնակցողների հանդեպ էլ վերաբերմունքը կփոխվի, հայտարարել էր նա։
Իր այդ ելույթը, սակայն, Չարչյանը հարկադրանք չէր որակել։
«Իմ արած գործողությունների մեջ չկա... Ես կարող եմ ձեզ խնդրել, դա պարտադրանք չէ, կարող ձեզ հորդորել, դա պարտադրանք չէ, կարող եմ ձեզնից պահանջել, և դուք իմ պահանջը չկատարեք, դա նույնպես պարտադրանք չէ: Այ եթե ես ձեզնից պահանջելուց, խնդրելուց կամ հորդորելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ, որ դուք դա անեք, այդ դեպքում է դա պարտադրանք, բայց իմ ասածի մեջ երբեք պարտադրանք չկա», - հայտարարել էր նա:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօրվա նիստից հետո հայտարարեց՝ թեև այս դատավճռով պաշտպանյալը բանտում չի հայտնվի, բայց իրենց ցանկությունը նրան արդարացված տեսնելն է. - «Ինչո՞ւ, որովհետև հիշում եք պարոն Չարչյանի խոսքի վեջաբանը՝ ով ինչ ընտրություն կանի, կանի, չի անի, կգնա ընտրության, չի գնա, որևէ բացասական հետևանք չի լինելու։ Իսկ այստեղ պետք չի կոնտեքստից կտրել կոնկրետ մի արտահայտություն և այդ արտահայտության հիման վրա կառուցել մեղադրանք։
Տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման դատական ակտ։ Թե ինչու չի կայացվել, այդ հարցի պատասխանը ես չեմ կարող տալ, փորձելու ենք արդեն արդարադատությունը արդարացման տեսանկյունից վերականգնել արդեն վերաքննության կարգով»։
Գլխավոր դատախազությունից դեռ չեն շտապում ասել՝ համաձայն են դատավորի որոշման հետ, թե՝ ոչ։ Փոխանցեցին միայն, որ դատական ակտին ծանոթանալուց հետո կորոշեն բողոքարկել, թե՝ ոչ։
Արտահերթի հետ կապված ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել էր երեք տասնյակից ավելի քրեական գործ. ընտրական մեղադրանքներով ընդդիմադիր «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներն առաջատարն էին։ Մեղադրյալի աթոռին էին հայտնվել պատգամավորի 8 թեկնածուներ։