Ռուսաստանը բախվում է իր նորագույն պատմության մեջ ժողովրդագրական ամենամեծ ճգնաժամին, ծնունդների կտրուկ անկումն արտացոլում է ընտանիք կազմելու վախը տնտեսական և քաղաքական անորոշության պայմաններում:
10 տարի առաջ Ռուսաստանում տարեկան 2 միլիոն երեխա էր ծնվում: 2023 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, ծնվել է ընդամենը 1 միլիոն 200 հազար երեխա․ սա ամենացածր ցուցանիշն է 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր։
Այս թվերը վկայում են այն մասին, որ շատ ռուսներ երկար են մտածում ընտանիք կազմելու որոշում կայացնելուց առաջ: Սոցիոլոգների կարծիքով՝ դրան նպաստում են մի շարք գործոններ:
«Ընդհանուր առմամբ, տնտեսական վիճակը վատացել է, մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, իսկ երեխա մեծացնելու համար պետք է վստահություն ունենալ ապագայի նկատմամբ», - «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշում է սոցիոլոգ Անտոն Օրեխը:
Ապագայի նկատմամբ ռուսների հոռետեսական տրամադրություններին գումարվել է նաև լայնածավալ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի։ Վերջին մոտ երկու տարվա ընթացքում՝ ռազմական ներխուժման ժամակահատվածում, դեղագործական շուկայի վերլուծաբանների տվյալներով՝ աբորտի հաբերի պահանջարկը Ռուսաստանում աճել է մինչև 60 տոկոսով:
Երկրում ժողովրդական ճգնաժամի լուսաբանումը Կրեմլը չի խրախուսում, անկախ լրատվամիջոցներն ու վերլուծաբանները, սակայն, փաստում են, որ խնդիրը սրվել է հատկապես Ուկրաինա ներխուժման ֆոնին:
Հետաքննող լրագրող Գալինա Սիդորովայի համոզմամբ՝ ամենամեծ պատճառն անկասկած պատերազմն է, ինչը, լրագրողի գնահատմամբ, մեծ հանցագործություն է նախ և առաջ Ռուսաստանի ժողովրդի դեմ: «Գլխավոր պատճառն անկասկած պատերազմն է ։ Իրականում սա է հիմնական պատճառը և պարոն Պուտինի գլխավոր հանցագործությունը Ռուսաստանի նկատմամբ, այդ երկրի ժողովրդի դեմ», - ասում է Սիդորովան:
Ծնելիության անկմամբ ըստ ամենայնի մտահոգված է նաև իշխանությունը, որը սկսել է ընտանիքների աջակցության ծրագրեր մշակել: Զուգահեռաբար՝ Ռուսաստանի մի քանի շրջանների մասնավոր կլինիկաներում սահմանափակվել է աբորտների հասանելիությունը:
Կրեմլը միաժամանակ փորձում է բազմազավակ ընտանիքներին նպաստելու ռազմավարություն իրականացնել։
Անցյալ տարի իր ուղերձներից մեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ արեց մարդկանց վերհիշել՝ ինչպիսին էին ռուսական ընտանիքները նախկինում, և հորդորեց վերադառնալ այդ «ֆանտաստիկ ավանդույթներին»:
«Հիշեք ինչպիսինն էին ռուսական ընտանիքները նախկինում։ Մեր տատիկներից շատերը յոթ կամ ութ, նույնիսկ ավելի շատ երեխաներ ունեին։ Եկեք քարոզենք և վերադառնանք այդ ֆանտաստիկ ավանդույթներին», - հայտարարել է Պուտինը:
Ընդդիմախոսները, մինչդեռ, կարծում են, որ միայն պահպանողական կարգախոսները բավարար չեն ծնելիության տեմպերի աճի համար, քանի դեռ Ռուսաստանը խորասուզված է պատերազմի մեջ:
«Ծնելիության խթանման փորձերն ու զինված հակամարտությանը մասնակցելը միմյանց հակասող երևույթներ են», - նկատում է սոցիոլոգ Անտոն Օրեխը:
Վիճակագրությունը վկայում է, որ 2024 թվականը կդառնա ծնունդների առումով վատթարագույն տարին Ռուսաստանում 19-րդ դարի սկզբից ի վեր։
Ըստ արևմտյան հետախուզության զեկույցների՝ ուկրաինական ճակատում արդեն մահացել է ավելի քան 40 հազար զինծառայող, հսկայական այս թիվը, ըստ վերլուծաբանների, ամենևին չի նպաստում Ռուսաստանում ծնելիության խթանման ջանքերին։