Մատչելիության հղումներ

«Կենտրոնում դեռ ոչինչ, բայց ուրիշ տեղերում ձյունը շատ է, չեն մաքրում». երևանցիները դժգոհում են


Անձյուն ձմեռն ընդհատած առատ տեղումները քաղաքային իշխանությունների հասցեին կոշտ քննադատության պատճառ դարձան։ Պաշտոնյաները ձյան պատճառած անհարմարությունների համար ներողամտություն են հայցում, ակտիվիստներն ու ընդդիմադիրները պնդում՝ ասել ենք, չեք արել:

«Սա հերթական կառավարման հմտությունների բացակայության դրսևորումն է, և մենք դեռ շատ ենք ականատես լինելու դրան», - նշեց ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթացից» Գրիգոր Երիցյանը:

Անցնող օրերին օգտատերերը չմաքրված փողոցներն ու մայթերի լուսանկարներն էին հրապարակում, քաղաքապետարանից էլ հակառակն էին ցույց տալիս՝ տեխնիկան գործի մեջ է, բահերն էլ աշխատակիցների ձեռքերում։

«Կենտրոնում դեռ ոչինչ, բայց ուրիշ տեղերում ձյունը շատ ա, սառույցը շատ ա, չեն մաքրում», - ասաց բնակիչներից մեկը:

Մաքրվեցի՞ն փողոցները. շատերը դժգոհ մնացին. - «Ոչ մի մաքրած մայթ, իսկ փողոցները տեսնում եք, ընդհանրապես մաքրված չեն»:

Չզլացան ու քաղաքապետի էջում մի հին գրառում գտան. 2016-ին դեռ ակտիվիստ Տիգրան Ավինյանը այսպիսի լուծում էր առաջարկում. եթե տեխնիկա չկա՝ քաղաքապետարանի աշխատակիցները՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ պետք է վերցնեն բահերը ու «հայդե փողոցներով ձյուն մաքրելու»։ Այնինչ, արդեն քաղաքապետ Ավինյանին այս օրերին բահը ձեռքին տեսնողներ չեղան, նույնքան արագ նկատեցին ընդդիմախոսները։

Ավտոբուսների աշխատանքից առանց այն էլ դժգոհ երևանցիների հոգսերը ձյունառատ օրերին էլ ավելի ծանրացան. քաղաքապետարանը հայտարարեց՝ մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը հնարավոր է չվացուցակի խախտումներով աշխատի, վթարներ եղան։ Երևանին պատկանող գույք է վնասվել, շեշտում է ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթացից» Գրիգոր Երիցյանը. - «Այդ թվում՝ շտապօգնության մեքենա, նոր գնված ավտոբուսներից, հին ավտոբուսներից»:

Նախօրեին Ավինյանն անձամբ հորդորեց միայն խիստ անհրաժեշտության դեպքում մեքենա վարել, քանզի երթևեկությունը շատ ռիսկային է ու տեղեկացրեց՝ փոխզիջման են գնում՝ հանգստան օրերին կարմիր գծերն անվճար են գործելու, քանզի գուցե չնախատեսված կայանումների կարիք առաջանա:

Ձյան բերած անհարմարություններից քաղաքապետն այսօր էլ խոսեց. պնդեց՝ հիմնական և երկրորդային ճանապարհներին խնդիրներ չեն եղել, բայց ընդունեց՝ աշխատանքը բավարար չէ:

«Իմացել ենք չէ՞ որ ձյուն ա գալու, վստահ եմ, որ ԵԱՍՄ հիմնարկում էլ են իմացել, վստահ եմ, որ տեխնիկայի առումով մենք հարցեր ունենք դեռևս մայթերի մաքրման առումով», - ասաց Ավինյանը:

Տեխնիկական միջոցները չեն հերիքում, դրանցով հնարավոր չէ մայթերն ու բակերն էլ մաքրել, պարզաբանում են քաղաքապետարանից ու տեղեկացնում՝ պետք է վերազինվեն, որ հաջորդ տարի պատկերը չկրկնվի:

«Եթե քաղաքը չունի ձմեռային տեխնիկա, ապա արդյոք արժե այդքան գումար ծախսել երդմնակալության, լուսավորության, ամանորյա զարդարանքի վրա: Առաջին հերթին պետք էր պատրաստվել ձմռանը», - նշեց Երիցյանը:

Գլխավոր բացթողումն առաջնահերթությունները սխալ դասավորելն է, շեշտում է ավագանու ընդդիմադիր անդամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG