Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի քննիչ Լևոն Աղաջանյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման


Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը Ռուսաստանի քննչական կոմիտեի նախկին քննիչ Լևոն Աղաջանյանին դատապարտեց 11 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով «Մոսկվա-Սիթի» կենտրոնում տեղի ունեցած հրաձգության գործով ապացույցներ կեղծելու և անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 17-ին բիզնես կենտրոնի «Օլո» երկնաքերի մեքենաների կայանման մոտ՝ ձեռնարկատեր Դմիտրի Պավլովի ծննդյան տոնակատարության ժամանակ։

Նրա թիկնապահները վեճի մեջ են ներքաշվել «Օխրանա» դաշնային պետական միասնական ձեռնարկության մարտիկների հետ, ովքեր պահանջել են մուտքի մոտից հեռացնել կայանված «Մերսեդես-Մայբախ» մեքենան:

Վեճը վերածվել է ձեռնամարտի, ապա փոխհրաձգության, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 15 պարկուճ և ընդամենը 8 փամփուշտ: Ըստ անվտանգության դաշնային ծառայության, քննիչ Լևոն Աղաջանյանը փոխարինել է պարկուճները՝ կրակոցների մասնակիցներից մեկի անունը քրեական գործից դուրս հանելու նպատակով:

Քննիչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապացույցներ կեղծելու մեջ։

«Աղաջանյանին դատապարտել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով, նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում»,- վճռում հայտարարել է դատավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG