Մատչելիության հղումներ

ՊՆ-ն ու ՆԳՆ-ն աշխատանքներ են տանում՝ պարզելու պատերազմից հետո անհետացած ինքնաձիգերի գտնվելու վայրը


Արխիվ
Արխիվ

44-օրյա պատերազմից անհետացած 17 հազար ինքնաձիգերի մասին ներքին գործերի նախարարի հայտարարությունից օրեր անց գերատեսչությունից պարզաբանում են, թե աշխատում են Պաշտպանության նախարարության հետ՝ դրանց գտնվելու վայրը պարզելու համար։

ՆԳՆ-ից պնդում են, որ սպառազինության զգալի խմբաքանակի վայրն արդեն պարզվել է՝ առանց հստակեցնելու, թե խոսքն ինչ քանակի մասին է, և ինչու մինչ այս պահը իրավապահներն այն չեն առգրավել։ «Ազատությանն» ուղարկված գրավոր պատասխանից նաև պարզ չի դառնում՝ արդյոք խոսքը միայն ինքնաձիգերի մասին է։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում մնացած սպառազինության ստույգ թվաքանակի վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունում ստույգ տեղեկատվություն առկա չէ», - ասվում է գերատեսչության պատասխանում՝ կրկին առանց հստակեցնելու, թե ինչպես են քաղաքացիների ձեռքում հայտնվել այդ ինքնաձիգերը, որ հետո հնարավոր չի եղել հետ վերցնել։

Պատերազմից հետո քաղաքացիների մոտ անվերահսկելի թվով զինամթերքի առկայության մասին դեռ 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետն էր հայտնել։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ևս չէր պարզաբանել՝ ինչ կարգով է զինամթերքը տրամադրվել քաղաքացիներին։

44-օրյա պատերազմին մասնակցած կամավոր Արման Պետրոսյանը կարծում է՝ անկազմակերպվածության, ղեկավարման խնդիրների հետևանքով է նաև անհետացել սպառազինությունը։ Ասում է՝ պատերազմից հետո էլ վերահսկողություն չի եղել, եթե ինքն ու զինակից ընկերները զենքը չհանձնեին, իրենց ոչ ոք ոչինչ չէր ասի։

«Կարող են թողնել դիրքում շտապելիս, կարող է հրետանին խփել, դեպք է եղել, երբ ինքնաթիռը մեր անձնակազմի հենակետին հարվածել է, ու բոլորի զենք-զինամթերքը ոչնչացվել է։

Մենք էլ երկու օրով արձակուրդ ենք եկել, մեզ, օրինակ, իմացել են՝ Քեռու ջոկատից ենք, ճանապարհը բացել են, ասել են՝ անցեք, ոչ ստուգել են, ոչ էլ հարցրել են՝ զենք կա՞ ձեզ մոտ, թե՞ ոչ։ Այդ բարձիթողի վիճակն է, իմ ասած՝ լոգիստիկայի խնդիրն է։ Եթե ռազմական ոստիկանությունը, ՆԳՆ-ն իր գործառույթը ճիշտ իրականացներ, այդպիսի խնդիրներ չէինք ունենա, Հայաստան ներթափանցած զենք չէր լինի կամ կլիներ ավելի քիչ», - ասում է նա։

Պետրոսյանը կարծում է, որ իրավապահներին դժվար չէ պարզել, թե որտեղ է 44-օրյա պատերազմից հետո Հայաստան մտած զենքը։

Իսկ պատերազմից հետո անցած 3 տարիների ընթացքում, ըստ իրավապահնների, ավելի քան 3 հազար 500 ինքնաձիգ ու այլ տեսակի զենք է առգրավվել, կամ քաղաքացիներն իրենք են կամավոր հանձնել։ Ներքին գործերի նախարարությունից, սակայն, կրկին չեն պարզաբանում՝ արդյոք խոսքը պատերազմի ընթացքում բաժանված զինամթերքի մասին է, թե ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG