Բարեկամավանցի Գրիշան տան դարպասները գունավորել է, ծանոթ ու անծանոթ անուններ գրել, որ աջ ու ձախ լքված ու կիսաքանդ տներով գյուղը եկվորների աչքին գոնե մի քիչ գրավիչ երևա։
Գյուղի առաջին տունն իրենն է։ Դարպասներն ամուր շղթայել, մուտքն էլ որքան կարողացել՝ հեռացրել է։ Ասում է՝ այդպես ավելի ապահով է Բարեկամավանում, որն Ադրբեջանից ընդամենը մեկ-երկու կմ է հեռու։
Տավուշի սահմանամերձ գյուղում Գրիշայի այդ մոտեցումը չափազանցություն են համարում։ Բայց սեփական կենդանիներին ազատություն չեն տալիս՝ դառը փորձ ունեն, սահմանին մոտեցած անասունին է՛լ չի հաջողվում հետ բերել։
Գյուղի խանութը օրական երկու անգամ է բացվում՝ երկու ժամով հիմնականում հացի համար, մեկ-մեկ էլ քաղցրավենիքի ետևից են երեխաները խանութ մտնում։ Մյուս ժամերին խանութի կարիք էլ չկա, գնորդ՝ էլ, ասում է գյուղի կենտրոնում տարիներ շարունակ մի կերպ գործող խանութի սեփականատերը՝ Ասյա Ղարաքեշիշյանը. - «Հիմնականում հաց ենք ստանում՝ մի 10-15 հատ»։
Տասնամյակներ շարունակ գրեթե նույն ռիթմով ու անցուդարձով ապրող գյուղում վերջին ամիսներին անսովոր աշխուժություն է մտել. ութ արցախցի ընտանիք է մշտական բնակության եկել։ Հիմա արդեն բարեկամավանցիներն իրենց հասած հատուկենտ հյուրերին տեսնելիս ոչ թե առաջվա նման փակված դռներն են թվարկում, այլ բացվողները։
Արդեն գնալ-գալ կա, հին ու նոր բնակիչները հարևանություն են անում, կրակին եփած սուրճի շուրջ կարիքներն ու ապրելու հնարները քննարկում, ունեցածն իրար մեջ կիսում։ Տագնապը, թե ընդամենը 15 աշակերտ ունեցող դպրոցը մի օր կփակվի, ասես, չքացել է։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.