Մատչելիության հղումներ

«Պատկեր, որ կուզեի մոռանալ, բայց չեմ կարող». Տարվա լուսանկարի հեղինակ


Այդ պատկերն ուզում ես ջնջել հիշողությունիցդ, բայց չես կարող։ Դա կգրվի պատմության էջերին՝ որպես ռազմական հանցագործություն ընդդեմ ուկրաինացիների։

«World Press Photo» 2023-ի հաղթող լուսանկարի հեղինակը՝ Եվգենի Մալոլետկան Հայաստանում է։

«Ռուսական մեդիան և իշխանությունները ինձ մեղադրում են, անվանում տեղեկատվական ահաբեկիչ, նրանք շարունակում են պնդել, որ այս լուսանկարը կեղծ է», - ասում է ուկրաինացի լուսանկարիչը։

Լուսանկարում Մարիուպոլի ծննդատնից պատգարակով տարհանվող վիրավոր հղի կին է՝ Իրինա Կալինինան, ում երեխան ծնվեց մահացած։ 2022-ի մարտի 9-ին ռուսական ավիահարվածի արդյունքում վիրավորված 32-ամյա կինը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով ևս մահացավ ծննդաբերությունից կես ժամ անց։

Օրեր շարունակ նրա ամուսինը՝ Իվանը, փնտրել է Իրինային վիրավորների շրջանում, բայց հետո գտել է համարակալված տոպրակներից մեկի մեջ։

«Ցավոք, պատերազմը չի դադարում ավելի քան 600 օր։ Մեր խնդիրն է աշխարհին պատմել ճշմարտությունը լրագրողների աչքերով և ցույց տալ պատերազմի պատճառով տառապող շարքային ուկրաինացիներին», - ասում է Եվգենի Մալոլետկան։

«Այդ օրերին մենք հասկացանք, որ միակ միջազգային թիմն ենք պաշարված Մարիուպոլում։ Տարհանման հույս չկար, հոսանք չկար, գազ չկար, ջուր չկար։ Չգիտեիր՝ կենդանի կմնա՞ս։ Լուսանկարում էինք, փորձում ուղարկել, երբ հնարավոր էր, ու մյուսների պես փորձում էինք ողջ մնալ», - պատմում է նա։

20 օր պաշարված Մարիուպոլում վտանգելով սեփական կյանքը՝ AP-ի լուսանկարիչներն աշխարհին պատմել են անպատմելին։

«Բոլոր պահերն էլ ծանր են, դու մեկ առաջնագծում ես, մեկ՝ հիվանդանոցում, տեսնում ես այդ ողջ ցավը, հավաքում ես այն, որ աշխարհը տեսնի։ Ոչ մեկը չի հիշի Իրինա Կալինինային, բայց այս լուսանկարով բոլորը կհիշեն, կտեսնեն, թե ինչ է տեղի ունենում այսօր ուկրաինացի գալիք սերնդի հետ։ Այս ամենը արձանագրելը շատ կարևոր է. պահը կգնա, իսկ լուսանկարը կմնա», - նկատում է ուկրաինացի լուսանկարիչը։

60 հազար լուսանկարներից ընտրված 24 մրցանակակիրների շարքում է նաև հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը՝ «Անհանգիստ ջրեր» նախագծով։ Այն Կենտրոնական Ասիայի դեպի ծով ելք չունեցող չորս երկրների ջրային ռեսուրսների համակարգման բացակայության խնդիրների մասին է:

Պատերազմի և խաղաղության արժեքը կարևորող աշխարհի լուսանկարների ընտրանին 20 օր կցուցադրվի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։

«World Press Photo» ամենամյա մրցույթի հաղթող լուսանկարներն արդեն երրորդ տարին է՝ Հայաստան են հասնում Նիդերլանդների դեսպանատան և «World Press Photo» հիմնադրամի շնորհիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG