Իրանի պետական հեռուստաընկերությունն այսօր հայտնել է, որ զինված ուժերը համալրվել են նոր դրոններով։ Երկրի տարբեր շրջաններում տեղակայված ստորաբաժանումները հարվածային նոր սարքեր են ստացել։ Հեռարձակված տեսանյութում պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին և զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին ռազմական անգարում քայլում են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի մոտով։
Հաղորդավարն ասում է, որ «Աբաբիլ-4» և «Աբաբիլ-5» դրոնները կարող են հետախուզական, դիտարկման ու ռադիոէլեկտրոնային պայքարի խնդիրներ կատարել։ «Արաշ» և «Բավար» անօդաչուներն ընդունակ են ճշգրիտ հարվածել հեռահար թիրախներին։ Դրանցից բացի բանակը համալրվել է «Կարար» տեսակի ռեակտիվ դրոնով։ Դրոնների մարտական գործողությունների հեռահարությունը կազմում է 1000-ից մինչև 1700 կիլոմետր, ասվում է հեռարձակված տեսանյութում։
Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իրանը հունվարի 19-ին հայտարարել էր, որ երկրի հարավ-արևմուտքից մինչև հարավ-արևելք ընկած առափնյա շրջանում հակաօդային պաշտպանության զորավարժություններ են անցկացվել դրոնների կիրառմամբ։