Մատչելիության հղումներ

«Եթե վատ ես, պիտի ուրիշին հասնես, դա բուժում ա». 40 տարվա մանկաբույժը Ճարտարից


Երկրորդ շաբաթն է՝ Հասմիկ Ղահրամանյանը ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի բժիշկն է։ Այստեղ խնամվում են դժվար վիճակում հայտնված երեխաները, որ կարիք ունեն ոչ այնքան դեղորայքի, որքան սիրո ու ջերմության։

«Մի երեխայի օգնեցի, կյանքս թեթևանում է», - ասում է տիկին Հասմիկը, - «Այստեղ հենց այն երեխաներն են, որոնք սիրո կարիք ունեն, խնամքի, ու ես կարող եմ տալ իրենց այդ զգացմունքը, այնքանով, որ իրենք էլ լավ զգան, ես էլ»։

Արցախի Ճարտար քաղաքի շուրջ 40 տարվա մանկաբույժն է Հասմիկ Ղահրամանյանը, որ արտակարգ իրավիճակների բժիշկ էր դառնում բոլոր պատերազմների ժամանակ։

44-օրյա պատերազմի ժամանակ Ճարտարի դպրոցի նկուղն էր հիվանդանոց դարձել, տիկին Հասմիկն այնտեղ էր, օրուգիշեր ընդունում էր վիրավորների։ Այդ ժամանակ բժշկուհու ձայնը զրնգում էր լավատեսությամբ, վերջին երկօրյա պատերազմում ամեն ինչ այլ էր. - «20 թվականին հույսն ավելի շատ էր, ու մենք երբ տեղափոխվեցինք, 99 տոկոսով համոզված էինք, որ ետ ենք գալու, իսկ այս ժամանակ իրենք նույնիսկ ժամանակ չտվեցին մեզ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Առաջին երկու օրը տեղատարափ ռմբակոծեցին, հետո համընդհանուր ճնշվածության զգացում էր», - ասում է նա։

Հասմիկ Ղահրամանյանն անպատասխան հարցեր ունի ու մի սպասում, որ Բաքվի բանտերում պահվող գերիները անվնաս վերադառնան։

Հոռետեսությունը, հուսահատությունը բժշկուհու համար չէ։ Տեղահանվածի դառնությունը, տուն ու ծննդավայր կորցրածի դատարկությունը լցրեց վերապատրաստման դասընթացներով։ Հենց դասընթացն ավարտեց, անցավ գործի, Արմավիրի հիվանդանոցի մանկական բաժանմունքում հերթապահում է շաբաթը մեկ անգամ։ Դժվար է, բայց Երևանից հասնում է մարզ, մեկ օրուգիշեր հսկում, բուժում, լավացնում բալիկներին ու վերադառնում իր մյուս գործին՝ ՀՕՖ-ի կենտրոն։

Բժշկուհին իր դեղատոմսն ունի բոլոր վհատվածների համար. - «Եթե դու վատ ես, պետք է ուրիշին օգնության հասնես, դա բուժում է, դա շատ կարևոր է, եթե ինքդ ունես մեծ ցավ, տառապանք ու դրա վրա ֆիքսվում ես, դա ավելի է խորանում։ Եթե ես մի փոքր օգնում եմ, դա արդեն մեծ դոզա է օրվա համար, ես արդեն ինձ լավ եմ զգում, էնքան, որ ինքը մի փոքր լավանա»։

Հասմիկ Ղահրամանյանը՝ Ճարտարի 40 տարվա մանկաբույժը, քանի գործ էլ գտնի Երևանում ու մարզերում, շարունակում է մնալ Ճարտարի մանկաբույժը։ Աշխարհի որ անկյունում էլ ճարտարցի մի բալիկ ջերմի կամ փորացավ ունենա, զանգում են իրենց բժշկուհուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG