Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը պահանջում է e-draft-ից հեռացնել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոխոխությունների նախագիծը


Քաղհասարակությունը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից պահանջում է e-draft-ից՝ օրինագծերի նախնական քննարկման հարթակից, հեռացնել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոխոխությունների նախագիծը: Ընդգծում են՝ նախարարության առաջարկած նախագիծը վերաբերում է միայն տվյալների կառավարմանը և պետք չէր դա խցկել շուրջ 20 տարի գործող մի օրենքում, որի շնորհիվ մարդը կարողանում է պետական մարմիններից ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ եթե քաղաքացին ցանկանում է, օրինակ, իր համայնքում իրականացվող կառուցապատումների մասին որևէ տեղեկություն ստանալ, ապա e-draft-ում հայտնված նախագծով դա որոշ սահմանափակումների կենթարկվի:

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

«Խնդիրը դա է՝ օրենքը սահմանում է, թե ես այդ տեղեկությունը ստանալու համար ինչ ընթացակարգ ունեմ, այսինքն, դիմում եմ, ստանում եմ 5 օրվա ընթացքում, եթե լրացուցիչ պետք է, 30 օրվա ընթացքում, իսկ ինքը առաջարկում է սահմանել տեղեկությունների ցանկ: Դե կներեք, այսօրվա ձեր պատկերացմամբ տեղեկությունների ցանկում կարող է 100 տեղեկություն լինի, վաղը չէ մյուս օրը պետական կառավարման համակարգն ունենա 120 տեղեկություն», - նշեց Սաքունցը:

«Տեղեկատվություն ստանալու իրավունքի առումով, Հայաստանում ավելի քան 2 տասնամյակ ձևավորված դրական փորձը հաշվի չի առնվել», - ընդգծել են քաղհասարակության ներկայացուցիչներն ու պնդել՝ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի մշակած նախագծով՝ որոշ տեղեկություններ տրամադրելու համար ավելի երկար ժամկետներ են սահմանվում, բացակայում են տեսողության և լսողության խնդիրներ ունեցողներին մատչելի ձևաչափով տեղեկատվություն տրամադրելու կարգավորումները և այլն:

Այս ու խնդրահարույց մյուս կետերի վերաբերյալ քաղհասարակության դիտարկումները երեկ լսել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու հանձնարարել է լրամշակել նախագիծը:

Հանդիպմանը մասնակցած «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ծրագրերի ղեկավար Լիանա Դոյդոյանը պատմեց, թե ինչ առաջարկներ են ներկայացրել. - «Անմիջապես, անհապաղ հետ կանչել նախագիծն ու պարզապես առանձնացնել այս երկու օրենքները, նախ մշակել տվյալների քաղաքականությանը վերաբերող օրենսդրություն: Համաձայնության եկանք, ենթադրվում է, որ e-draft միասնական տեղեկատվական համակարգից պետք է դուրս գա այս նախագիծը, այս նախագծի կետերն այլևս չենք քննարկելու, 10-օրյա ժամկետում պետք է մշակվի առանձին օրենսդրություն տվյալների քաղաքականության, կդրվի քննարկման, ոչ e-draft-ում դեռևս: Այսինքն՝ ավելի լայն քննարկման՝ ՀԿ-ների, մասնագետների:»

Օրինագիծը մշակած «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը բազմիցս հայտարարել է՝ քաղաքացին մի թղթի համար չպետք է շարունակ տարբեր պետական ու մասնավոր մարմիններ դիմի ու այդպես էլ տեղ չհասնի, իրենք փորձում են այդ բոլորը մեկ համակարգում ներառել: Քաղհասարակության ներկայացուցիչներն էլ են սրան կողմ, բայց չեն ուզում, որ օրենքները խառնվեն։

Երիցյանն «Ազատությանն» ասաց՝ երեկվա հանդիպմանը ներկա է եղել ու լսել է մտահոգությունները։

«Ինչո՞ւ որպես առանձին նախագիծ չեք ներկայացրել ձեր առաջարկները, այլ որոշել էիք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ նախաձեռնել», քաղհասարակությանը մտահոգող հարցն ուղղեցինք Երիցյանին:

«Մի օրենքը վերաբերում է տեղեկատվության ստացման իրավունքին, մյուսը մեխանիզմ է սահմանում այդ տեղեկատվությունը ստանալ, ընդ որում, թվային աշխարհում ավտոմատ ստանալ, ոչ թե պահանջի դեպքում: Բնականաբար, դրանք առանձին էլ կլինեն, միասին էլ կլինեն, որևէ խնդիր չկա, մենք չենք կարծում՝ այդտեղ շատ մեծ սկզբունքային խնդիր կարող է լինել: Նախկինում էլ ենք ինչ-որ աշխատանքներ տարել, բայց հիմա e-draft-ը հենց դրա համար է, որ օրենքը հրապարակվի, դիտողությունները հավաքենք, աշխատենք: Այդ օրենքը դեռ կառավարություն է չի մտել», - պատասխանեց նա:

Լիանա Դոյդոյան
Լիանա Դոյդոյան

Դոյդոյանն ու Սաքունցն ասում են՝ քաղհասարակության լայն խմբերի հետ բավարար քննարկումներ պետք է կազմակերպվեր, ոչ թե նախագիծը միանգամից հրապարակվեր e-draft-ում, իրենք էլ հասնեին վարչապետի աշխատակազմ ու այնտեղ պարզվեր՝ նույնիսկ տեղյակ չեն իրենց մտահոգություններից:

Ներսես Երիցյանը համաձայն չէ, բայց ասում է՝ մտահոգություններն ի գիտություն են ընդունել: Իսկ, եթե այդուհանդերձ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացում կամ փոփոխություն անելու կարիք լինի, ապա «դա պետք է նախ ներքին համայնքում քննարկվի», - ասաց Լիանա Դոյդոյանը:

«Մենք առաջարկեցինք անգամ, որ նախաձեռնողը մենք կլինենք ու կսկսենք այդ քննարկումների փուլը, բայց դա որևէ կերպ չի կարող առնչվել տվյալների քաղաքականությանը վերաբերող օրենսդրության հետ», - ընդգծեց Դոյդոյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ կարծում է՝ տեղեկություն ստանալու իրավունքի հետ կապված սահմանափակումները պետք է ավելի հստակեցվեն, օրինակ, պետությունը դեռ պետք է հստակ սահմանի, թե ո՞ր տեղեկությունն է իրապես պետական գաղտնիք դիտարկվում։

«Պետական խոհանոցը պետք է կարգի բերվի, որպեսզի օրինակի համար՝ եթե դուք դիմում եք, ինչի՞ պետք է մինչև 5 օր, եթե դա շատ շտապ կարող է լինել: Եթե տեղեկության այդ ամբողջ խոհանոցը կարգավորված է, միանգամից կարելի է հանել ու տրամադրել: Այս ձևի խնդիրները պետք է լուծվեն», - նշեց նա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպումը երեկ է եղել, նախագիծն այսօր դեռ չի հեռացվել e-draft-ից: Քաղհասարակությունն ակնկալում է, որ նոր օրինագիծ կներկայացվի և դա առանձին կլինի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG