Գյումրի այցելող զբոսաշրջիկների շրջանում «Վառեմ մարեմի» պատշգամբն ամենաճանաչվածն է, բոլորը շտապում են գոնե մեկ լուսանկար ունենալ հայտնի պատշգամբի ֆոնին, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսուհին վիճում էր ամուսնու հետ։
Պատշգամբի դեմ-դիմաց արդեն 2.5 տարի է գործում է «Վառեմ մարեմ» արտ ստուդիան։ Արվեստագետ Միկա Վարդպարոնյանը ավտոտնակը վերածել է արվեստանոցի ու փոքր գումարով բիզնես հիմնել։ «Վառեմ մարեմ» անունը հայտնի պատշգամբինն է, բայց Միկան յուրովի մեկնաբանություն ունի, թե ինչու այդպես կոչեց արտ ստուդիան։
«Քանի որ արվեստանոցը կավագործության թեքում ունի, կավն իր ամբողջ պորցեսի մեջ մի անբաժանելի մաս ունի, թրծումը, երբ կավե առարկան գնում է վառարան թրծվելու, անցնում է վառելու, մարելու մի երկար պրոցես ու դրանից հետո նոր կովե առարկան դառնում է կերամիկական: Ու նաև որպես ստեղծագործական տարածք, մենք հնարավորություն ենք տալիս մեր բոլոր հյուրերին ստեղծագործելու, այսինքն, «վառում ենք» նրանց ստեղծագործ միտքը», - ասաց Վարդպարոնյանը:
Արվեստանոցը թեև Գյումրիի ամենահայտնի պատշգամբի դիմաց է, բայց Միկան խոստովանում է՝ զբոսաշրջիկներին իրենց մոտ բերելու բավականին դժվար ճանապարհ են անցել։
Երկուսուկես տարում արվեստանոցը 250 հազարից ավելի այցելու է ունեցել։ Արվեստանոցում մարդիկ կարող են իրենց ձեռքով որևէ իր պատրաստել ու իրենց հետո տանել։ Ամենապահանջվածը Գյումրվա դռներն են, ասում է Լիաննա Ներսիսյանը, ով զբաղվում է դռների գունազարդմամբ։
«Յուրաքանչյուր եկող կարող է իրեն արվեստագետ զգալ ու ստեղծագործել: Մենք ապահովում ենք վարպետաց դասեր, որի ընթացքում մարդիկ իրենց ձեռքով պատրաստում են ինչ-որ հետաքրքիր առարկաներ, հուշանվերներ, որոնք տանում են իրենց հետ», - նշեց Ներսիսյանը:
Մեկուկես տարի առաջ արվեստանոցի պատը նոր միտք տվեց։ Այցելուն Forever in Gyumri պատի վրա հավաքում է իր անվան տառերը, հետո խաչբառի սկզբունքով մեկ այլ այցելու շարունակում է այն՝ արդեն իր անվամբ։
Որպես իսկական գյումրեցի Միկա Վարդպարոնյանը գլուխ գովելու առիթը բաց չի թողնում. - «Ոչ միայն Հայաստանում չկա նման պատ, այլ ամբողջ աշխարհում չկա»:
Ինտերակտիվ պատն արդեն բավականին ճանաչված է, աշխարհի տարբեր ծայրերից գալիս են նկարում, նկարվում ու իրենց անունները պատին հավերժացնում։ 35 հազար անուն է արդեն գրված պատին։ Միկան ասում է՝ այն միասնականության խորհուրդ ունի։
Ընդլայնվել ու սրճարան են բացել։ Սուրճն էլ են արվեստի միջոցով մատուցում։ Մարիամը ամեն սուրճ խմողի բախտն է բացում, հետո էլ սիմվոլիկ գումարի դիմաց հենց բաժակի վրա հաճախորդի դիմանկարը նկարում։
Միկա Վարդպարոնյանը լավատես է, ասում է, շատ ծրագրեր ունեն ու արդեն գտել են բիզնեսը արվեստին ծառայեցնելու ձևը։