Ներդրումային կոմիտեի այսօրվա նիստում ներկայացվել են «Շիրակի մարզում չոր նավահանգստի» նախագծի մանրամասները, հայտնում են կառավարությունից:
Նախագիծը, ըստ Էկոնոմիկայի նախարարության, կնպաստի բեռների տեղաշարժի արագացմանը, բեռնափոխադրումների իրականացման որակի բարձրացմանն ու ծավալի ավելացմանը:
Արդյունքում, կստեղծվի չոր նավահանգիստ՝ ազատ տնտեսական գոտի հանդիսացող արդյունաբերական պարկերի միջոցով, «Հայաստանը կդառնա տարանցիկ տրանսպորտային և արտահանման կենտրոնացված արտադրական հանգույց», ասված է հաղորդագրության մեջ:
Դեռ 2022-ին Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է չոր նավահանգիստ կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ, այն անմիջական հասանելիություն կունենա երկաթգծին, օդանավակայանին, կգտնվի Հյուսիս-հարավ ճանապարհի վրա։
Այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախագծի իրագործման արդյունքում Գյումրիում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տրասնպորտային հանգույց, որն օդային, ցամաքային և երկաթուղային կապով կապված կլինի մոտակա նավահանգիստների և խոշոր տրանսպորտային երակների հետ: Վահան Քերոբյանի խոսքով՝ ծրագիրը տնտեսական մեծ արդյունք կլինի ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար:
Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ ծրագիրն ինտեգրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիս-արևմտյան հանգույցը, որն իրագործման պարագայում արդեն կապահովի Հայաստանի կապվածությունը նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ:
Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ Կառավարությունն ունի ներդրման իր հատվածը, որը կազմում է 37 մլն դոլար, բայց նաև ներգրավվելու են խոշոր օտարերկրյա ներդրողներ, որոնք պետք է լինեն չոր նավահանգստի օպերատորները, և որոնց ներդրումների ծավալներն էապես ավելի մեծ կլինեն:
Ծրագրի իրականացումը նախատեսվում է 5-7 տարվա ընթացքում։
Քննարկման արդյունքում որոշում է կայացվել նախնական հավանություն տալ նախագծին: