Թուրքիայում ձերբակալված իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Յեհեզկելը մոտ 12 ժամ բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել և առաջիկա ժամերին կարտաքսվի երկրից։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Իսրայելի կառավարությունը Յեհեզկելին հայրենիք տեղափոխելու համար հատուկ օդանավ է ուղարկել թուրքական Անթալիա քաղաք։
Թուրքիայի և Իսրայելի միջև հերթական դիվանագիտական սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ թուրքական դատախազությունը քրեական գործ էր հարուցել «Անթալյասպոր» ֆուտբոլային ակումբի իսրայելցի կիսապաշտպանի դեմ՝ կիրակի օրը «Տրաբզոնսպորի» հետ խաղի ընթացքում Գազայում Իսրայելի գործողություններին աջակցող թևկապ կրելու համար։