Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նրա տեղեկացմամբ՝ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Գեներալ-լեյտենանտի կալանքի միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` ժամը 18:00-ին։
Նախօրեին մամուլում շրջանառվեցին լուրեր, որ Կոտայքի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել, և որ խնջույքի մասնակիցների թվում է եղել ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցել էին, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, զենքի ապօրինի կրման և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով, կատարվում է նախաքննություն։