Պետության հատկացրած շուրջ 2 մլն դրամով Արտյոմ Առաքելյանը պրոթեզ է գնել, որով անգամ բջջային հեռախոսից չի կարողանում օգտվել: 21 տարի առաջ հոսանքահարման հետևանքով երկու ձեռքից զրկված Արտյոմը ցանկանում է, որ իրենց էլ տրամադրեն այնպիսի բարձրորակ պրոթեզներ, որոնք հատկացրել են 44-օրյա պատերազմից առանց ձեռք ու ոտքի վերադարձած զինծառայողներին:
Համեմատության համար ընդգծում է՝ նրանց մեկ պրոթեզի համար 40 միլիոն դրամ է հատկացվում: Կարևորելով զինծառայողներին որակյալ պրոթեզ հատկացնելու պետության պարտավորությունը, այդուհանդերձ, հիշեցնում է՝ իր պես մարդիկ, որ ձեռքից ու ոտքից զրկվել են ոչ պատերազմական պայմաններում, ավելի մեծ թիվ են կազմում: Արդեն 21 տարի է՝ չի կարողանում տարրական հիգիենիկ կարիքները բավարարել. օրինակ՝ լողանալիս այդ պրոթեզները պետք է հանի, որովհետև ի տարբերություն գերթանկարժեք ու ֆունկցիոնալ պրոթեզների՝ իրենը խոնավությունից կփչանա: Ձախ ձեռքինն արդեն կոտրվել է, հիմա փոխարինող պրոթեզ է կրում, որն, ի տարբերություն աջ ձեռքի, բութ մատն էլ անգամ չի շարժում:
«Վերցրել եմ նենց հեռախոս, որ հարվածակայուն լինի, սենսորը չի ճանաչում պրոթեզի մատները՝ ի համեմատություն թանկարժեք պրոթեզների: Ես պետք է բերեմ դեմքով մի կերպ փորձեմ օգտագործել հեռախոսը: Հիմա մեր ժամանակներում բոլորն այսպիսի հեռախոս են օգտագործում, կնոպկայով հեռախոսներ օգտագործելը.... ուղղակի դրա ժամանակ արդեն անցել է, հազար ու մի հավելված կա, աշխատանքային պահեր կան», - նշեց Առաքելյանը:
Ոչ պատերազմական պայմաններում ձեռք ու ոտքից զրկված քաղաքացիների թիվն ավելի մեծ է, հաստատում է նաև սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը: Ասում է՝ 44-օրյա պատերազմի օրերին, երբ ինքը Ազգային ժողովի պատգամավոր էր, ուսումնասիրել է հայաստանյան շուկան ու համոզվել, պրոթեզավորմամբ զբաղվող ընկերությունները Հայաստանում չեն տրամադրում բազմաֆունկցիոնալ այն պրոթեզները, որոնք պետության, համահայկական հիմնադրամի ու դոնոր կազմակերպությունների աջակցությամբ հատկացրել են շուրջ 23 զինծառայողի, այն էլ միայն ձեռքի ու թևի համար: Ընդունում է, որ այս ոլորտում խնդիրներ կան:
Ոչ պատերազմական պայմաններում ձեռք ու ոտքից զրկված քաղաքացիներին հատկացվող 2 միլիոն դրամը կավելանա՞, հարցրինք նախարարին: Պատասխանեց՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները նոր մոտեցմամբ կգնահատեն:
«Այս կրկնակի փորձաքննությունները, հիմա որ մենք իրականացնում ենք և անհատական ծրագրերը կմշակենք, այդ ժամանակ կհասկանանք, թե ով ինչ իրական աջակցող միջոցի կարի կունենա, և մեր աջակցող միջոցների ցանկերն էլ ընդլայնում ենք, ավելի ֆունկցիոնալ պրոթեզներ ենք հիմա այդ ցանկերում դրել, հետևաբար եկեք թիվ չհնչեցնենք, ամեն ինչ կախված կլինի, թե ինչ կարիքի պրոթեզներ անհրաժեշտ կլինեն», - ասաց Մկրտչյանը:
Արտյոմ Առաքելյանն այս քայլը մի փոքր առաջընթաց է համարում, բայց աչքի տեսածից է վախենում, որ նույն պրակտիկան կրկին կկրկնվի. - «Կարիքների գնահատման ինստիտուտը գնում է դեպի մինուս, բացառելու սկզբունքով է, այսինքն, իր հիմնական նպատակը բյուջեն խնայելն է: Այն մարդկանց, ում դա պետք չի, չտալ թանկարժեք պրոթեզ, բայց, այ, օրինակ, ում, որ պետք է, նրան տալ, նման բան ես չեմ տեսել: Ուղղակի բացառում են, ասում են՝ դե լավ, որպեսզի չսխալվենք չանկարժեք պրոթեզ տանք, տանի էդ միջոցները վատնի, չտանք էլի, ում հնարավոր է չտալ, չտանք ուղղակի»:
Մարդը կարող է կյանքի ընթացքում տարբեր աշխատանքներ փոխել, պրոթեզները շարունակ պետք է հարմարեցվեն նրա կարիքներին, ասում է Առաքելյանը: Օրինակ ինքը մանկահասակ երեխաներին ֆուտբոլ խաղալ էր սովորեցնում, մարզիչների հրահանգիչ էր, հիմա դա չի անում, որովհետև ասում է՝ մանր մոտորիկայի խնդիրներ էին առաջանում, չէր կարողանում այդ պրոթեզներով աշխատել:
Վերջերս էլ աշխատանքի ընդունվելու մի մրցույթի գրեթե բոլոր փուլերն անցել է, բայց հասկացել է՝ այդ պրոթեզներով չի կարող արագ արձագանքել համակարգչային ծրագրերին ու հրաժարվել է, հիմա չի աշխատում: Պրոթեզն էլ կոտրվել է, չի էլ ուզում նորոգման ուղարկել, հիասթավել է, ասում է՝ նորոգելուց հետո կրկին արագ փչանալու են: Պրոթեզ տրամադրող ընկերություններում կարող են դրանք նորոգել, բայց մասնակի, ամբողջությամբ սպասարկել չեն կարող:
«Ռուսական արտադրության պրոթեզն է, որը ես փորձում եմ ինչքան հնարավոր է խնայողաբար օգտագործել, այնպիսի գործողություններ չանել, որ վնասվի, բայց մեկ է՝ էլի վնասվում է: Տարիներով վերանորոգումը եղել է խնդիր, հիմա վերանորոգում կա, բայց նույնիսկ այս պրոթեզից արդեն իսկ պրոթեզավորողները չեն ներմուծում, իրենք ներմուծում են էլ ավելի ցածր որակի», - ներկայացրեց նա:
Սոցապ նախարարն ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո երկրի համար դա մարտահրավեր էր։ Այդ օրերից մինչև հիմա մասնագետների են վերապատրաստում, բայց ընդունեց՝ ժամանակակից պրոթեզներն ամբողջությամբ սպասարկող ընկերություն դեռ չկա Հայաստանում:
«Որովհետև այն ենթակառուցվածքային, մասնագիտական, փորձագիտական գիտելիքը, որ իրենք պետք է, օրինակ, ներդնեին Հայաստանում ու այն գումարը, որի դիմաց իրենք պետք է ստանային, այդքան էլ համադրելի չէ, որովհետև թիվը շատ փոքր է այդպիսի մեծ կազմակերպությունների համար լինել գրավիչ մեր շուկայում: Բայց այնուամենայնիվ, մենք այն սկզբունքը որդեգրեցինք, որ մեր տղաներին պետք են լավագույն պրոթեզները, որոնք աշխարհում կան», - ասաց Մկրտչյանը:
Նոր տրամադրված գերժամանակակից պրոթեզները դեռ երաշխիքի մեջ են, փչանալու դեպքում կուղարկվեն արտասահմա՝ արտադրող ընկերություններ: Բայց դրանց ուղարկելը, սպասարկելն ու ընդունելը հաճախ ամիսներ են տևում ու պրոթեզ կրող մարդը ստիպված այդքան ժամանակ մնալու է առանց ձեռքի, կամ ոտքի:
Արտյոմ Առաքելյանին նաև Սոցապ նախարարությունում են ընդունել ու վստահեցրել՝ այս տարի կլուծեն այդ հարցն ու համընդհանուր մոտեցում կցուցաբերվի, արդեն սկսել են 90-ականների պատերազմներին մասնակիցներին թանկարժեք պրոթեզներ տրամադրում, փուլ առ փուլ բոլորի խնդիրը կլուծեն: Արտյոմը, որ արդեն 21 տարի խոստումներ է լսում գրեթե բոլոր նախարարներից, դեռ կշարունակի իր անհարմար պրոթեզներով ապրել, փնտրել այնպիսի աշխատանք, որ հարմարեցնի իր պրոթեզին... մինչև հերթն իրեն հասնի: