Մատչելիության հղումներ

Հայաստանյան դատարանում վճռվում է չեչեն տղամարդու ճակատագիրը


Սալման Մուկաևը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 11-ը հունվարի, 2024թ.
Սալման Մուկաևը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 11-ը հունվարի, 2024թ.

Երկու շաբաթից պարզ կդառնա՝ Չեչնիայից սեռական կողմնորոշման կասկածների պատճառով Հայաստան փախուստի դիմած Սալման Մուկաևը կարտահանձնվի՞, թե՞՝ ոչ։ Վարչական դատարանը մեկուկես տարվա քննությունից հետո հունվարի 29-ին կհրապարակի իր որոշումը։ Դատարանում 41-ամյա տղամարդը հայտարարել է՝ հայրենիքում իրեն մահն է սպասում։

«Կա՛մ իրենք դա կանեն, կա՛մ հայրական կողմիս բարեկամներին կստիպեն ինձ սպանել: Եթե նույնիսկ չցանկանան էլ, միևնույն է, դա ստիպված կանեն, համակարգն է այդպիսին։ Ինձանից առաջ մի քանիսին սպանել են։ Բակաև կար, մարմինը չէին գտնում, չկա մարմին՝ չկա գործ», - ասել է Մուկաևը:

Ավելի քան երեք տարի առաջ հայրենիքում դաժան հետապնդումների պատճառով Հայաստանում ապաստանած տղամարդը ճարահատյալ դիմել է դատարան ու պատմել, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը հրաժարվում է իրեն փախստականի կարգավիճակ տրամադրել, որը նրան պաշտպանության երաշխիքներ կտար։

Թեև Միգրացիոն ծառայությունը հավատում է, որ Մուկաևը հայրենիքում հետապնդվել է, տեսել է նրա մարմնի խոշտանգումների հետքերը, բայց և եզրահանգել՝ նա կարող է տեղափոխվել ոչ թե Չեչնիա, այլ՝ Ռուսաստանի այլ տարածք՝ սա մեծ երկիր է, և նրա իրավունքներն այլ բնակավայրերում չեն խախտվի։ Երևանում հասարակական կազմակերպությունների օգնությամբ բնակություն հաստատած չեչեն տղամարդը հակառակ կարծիքին է։

«Միանշանակ է՝ եթե հեռավոր հյուսիս էլ ուղարկեն, հենց Չեչնիայից էլ իմ հետևից կգան։ Քանի որ գործը հենց Չեչնիայում է հարուցված, երկրորդ՝ ես չեչեն եմ, երրորդ՝ ինչ իմ դեմ սարքել են, հենց իրենք կուզեն այդ հարցը լուծել», - պնդում է Մուկաևը:

Սալման Մուկաևի փաստաբանը դատարանում պատմել է, որ Չեչնիայում երկու օր շարունակ խոշտանգելուց հետո դատարկ թղթեր են տվել, թե՝ «ստորագրի՛ր»։ Այլ ելք չուներ, ստորագրել է, ինչից հետո վախեցրել են, թե կմեղադրեն ապօրինի զենքի հոդվածով, ու առաջարկել համագործակցել։ Հետո մեղադրանք են առաջադրել, ու այժմ նա հետախուզվում է։

«Ես համացանցում պետք է ծանոթանայի միասեռականների հետ, նրանց տեսախցիկներով վարձով բնակարան տանեի, նրանց ծուղակը գցեի», - պատմել է նա:

Թեև Հայաստանի իրավապահները ստացել են Մուկաևին արտահանձնելու Ռուսաստանի միջնորդությունը, քանի դեռ գործը դատարանում է, նա կմնա Հայաստանում։ Բայց եթե հայաստանյան բոլոր ատյանները մերժեն, ապա նրան կարտաքսեն Չեչնիա։ Իսկ այնտեղ Ռամզան Կադիրովն է անձամբ դաժանաբար հետապնդում սեռական փոքրամասնություններին, բազմաթիվ պատմություններ կան նրանց սպանությունների, խոշտանգումների մասին.

«Կան փաստեր, երբ մարդկանց արտահանձնել էին, նույնիսկ Չեչնիայից եկել, տարել էին։ Ոչ մի խոչընդոտ չի եղել, անգամ Բելառուս են հասել»:

Միգրացիոն ծառայությունից ավելի վաղ իրենց որոշման հիմքերի մասին լռում էին, այսօր էլ չպարզաբանեցին։ Բայց Մուկաևի փաստաբանին տրամադրված որոշման մեջ հստակ է մի բան. Հայաստանն ընդունել է, որ, իսկապես, Մուկաևի մասին տեղեկություններն արժանահավատ են։ Ընդունել են նաև, որ Չեչնիա վերադառնալիս նա իսկապես կարող է հայտնվել անազատության մեջ՝ առանց պատշաճ ընթացակարգերի, ու նաև կարող է ենթարկվել բռնության, ավելին՝ Չեչնիա վերադառնալու դեպքում կվտանգվեն նրա իրավունքները։

Սրան զուգահեռ, սակայն, Հայաստանի միգրացիոն ծառայությունը եզրահանգել է՝ քանի որ Մուկաևը մեղադրյալ է, բայց չի ներկայացրել տվյալներ, թե քրեական հետապնդմամբ կխախտվեն իր իրավունքները, ապա նրան ապաստան տալ չեն կարող: Միգրացիոնը, այդուհանդերձ, չի պարզաբանել, թե, մասնավորապես, այդ ի՞նչ տվյալներ պետք է ներկայացներ Չեչնիայի քաղաքացին։

Մյուս կողմից, Հայաստանն ընդունելի է համարել ռուսաստանյան իրավապահների հավաստիացումները, թե նրան արդար կդատեն՝ առանց խոշտանգելու։ Միգրացիոնը նաև եզրահանգել է, որ Մուկաևին վերագրվող արարքի համար երեք տարվա պատիժ է սահմանված,և այն չի հանգեցնում մարդու իրավունքների խախտման, ավելին` համոզված են, որ ՌԴ վերադարձի դեպքում նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մինչ հայաստանյան դատարանում կվճռվի չեչեն տղամարդու ճակատագիրը, Ռուսաստանում է՛լ ավելի են ահագնացել սեռական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները, վերջերս այդ երկրի Գերագույն դատարանը «ծայրահեղական» ճանաչեց ԼԳԲՏ կազմակերպություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG