Ուսումնական տարվա կեսն անցել է, իսկ մի շարք դպրոցներ այդպես էլ նոր դասագրքի երես չտեսան։ Մասնավորապես 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում աշակերտներն ու ուսուցիչներն արդեն կես տարի առանց ուսումնական ձեռնարկի են կրթվում և կրթում։
«Ի՞նչ է մտածում երեխան, երբ որ տեսնում է, որ կախիչը պոկվում է: Դա դեռ ոչինչ, որովհետև բոլորիս տներում էլ կարող են լինել ինչ-որ պոկվող, փչացող բաներ, դա նորմալ է: Ի՞նչ է մտածում 2-րդ դասարանի աշակերտը, երբ որ տեսնում է՝ դասագիրք չկա». - կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատի ունի վարչապետ Փաշինյանի այցը մարզային դպրոցներ, որտեղ նա ստուգում էր կախիչների ամրությունն ու ցնցուղների որակը։
Մինչդեռ Խաչատրյանի համոզմամբ՝ վարչապետը կրթության նախարարից ցնցուղի արժեքը պարզելու փոխարեն նախ պետք է հարցներ՝ իսկ ինչո՞ւ այդպես էլ դասագրքերը դպրոց չմտան։
«Եվ սա լրջագույն խնդիր է, որովհետև նման բան վերջին 20 տարիներում տեղի չէր ունեցել, և միշտ դասագրքերի մրցույթը մրցակցային էր լինում՝ մեկ, երկու, երեք դիմորդներ էին լինում: Այս անգամ չդիմելու պատճառներից գլխավորը թերևս այն էր, որ ժամանակը շատ կարճ էր, և շատ մարդիկ չեն հասցրել, և երկրորդը՝ ֆինանսավորումը նվազել էր: Եվ արդյունքում՝ մոտ 10 դասագիրք ունենք՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների, որոնցից այս տարի չի էլ լինի դասագիրք, այսինքն՝ պետք էլ չի սպասել, դրանք լավագույն դեպքում կլինեն սեպտեմբեր ամսին», - նշեց կրթության փորձագետը:
«Դասագիրք չկա՝ երեխաները բառիս բուն իմաստով անլուրջ են վերաբերվում այս առարկային». - Վայոց ձորի Հերհեր գյուղի միակ դպրոցում 5-րդ դասարանցիներին «Իմ հայրենիք» առարկան դասավանդող Աստղիկ Հակոբյանն «Ազատությանը» պատմեց՝ չնայած իր բարձրացրած մտահոգությանը, կրթության ոլորտի պատասխանատուներն այդպես էլ պատշաճ չարձագանքեցին, փաստացի ուսուցչին մենակ թողեցին։
«Առարկան նոր է, առարկայի մեջ ինտեգրված են Հայոց եկեղեցու պատմությունից թեմաներ: Առաջնորդվում եմ, ինչպես եմ անում՝ իմ տարիների փորձն է ինձ շատ օգնում, և այդ սկզբնակի նյութերով, հարակից նյութերով, սկզբնակի նյութերն այնքան էլ հաջող չեն որոշ թեմաների հարցում՝ լավ շարադրված չեն, 5-րդ դասարանցիների առանձնահատկություններին համապատասխան չեն», - ասաց ուսուցչուհին՝ շարունակելով. - «Հետո, տպում ենք՝ սկզբնակի նյութերը տպում ենք մենք սև ու սպիտակ: Էնքան գունագեղ են նկարները, էնքան սիրուն են, նկարն արդեն հրապուրում է, չէ՞, գունավոր նկարը աշակերտին, բայց էստեղ էս սև ու սպիտակով մի քիչ լավ չի երևում, մի քիչ էն չի»:
Դպրոցներում ներդրված պետական նոր չափորոշիչները ենթադրում են նաև նոր դասագրքեր։ Ուսումնական տարվա սկզբին հայտնի դարձավ, սակայն, որ նախարարության հայտարարած մրցույթին որոշ դասագրքերի դեպքում ոչ ոք հայտ չի ներկայացրել, մի մասը չի համապատասխանել պահանջներին, իսկ հաստատված ու տպարան ուղարկվածներից շատ ձեռնարկներ էլ, այդ թվում՝ թեժ քննարկումների պատճառ դարձած 7-րդ դասարանի պատմության դասագիրքը, դպրոց մտան ուշացումով:
«Շախմատ առարկան միայն դեկտեմբերի վերջին է հասել, այսինքն՝ ըստ էության, առաջին կիսամյակում չեն ունեցել: Ռուսերենի ուսուցիչները արդեն չորս ամիս 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում առանց դասագրքի աշխատում են», - ասաց Սերոբ Խաչատրյանը:
Ոչ ոք սրա համար չպատժվեց, ոչ ոք աշխատանքից չազատվեց, շեշտում է կրթության փորձագետը, պնդելով՝ մրցույթի ձախողումը նաև պետական պաշտոնյաների թերացումն է. ողջամիտ ժամկետ ու պայմաններ չէին սահմանվել:
«Մեզանում որակյալ դասագիրք գրելու պրոբլեմ կա, չկա էդ ավանդույթը ձևավորված: Ինչպե՞ս վարվել այս իրավիճակում՝ պետք է շարունակել այդ ավանդույթը չձևավորե՞լ, թե՞ պետք է գնալ մի ճանապարհով, որով մենք շանս ենք ստանում ունենալ նոր և որակյալ դասագրքեր, որից բոլորը՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները և թե՛ նաև լայն շրջանակը, կլինի բավարարված: Այդ ճանապարհով ենք գնում: Դուք չեք կարող սկսել մի աշխատանք և միանգամից ունենալ 100-տոկոսանոց արդյունք՝ հատկապես կրթության ոլորտում: Ունեցեք էդ համբերությունը», - անցած տարեվերջին լրագրողների հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան էր այսպիսի արդարացում ներկայացրել։
Նախարարությունից այսօր էլ հայտնեցին, որ հոկտեմբերից նոր մրցույթներ են հայտարարված, և մինչև ապրիլ հեղինակային խմբերը կարող են հայտեր ներկայացնել։
«Ինձ, օրինակ, այսօր ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ ենք անում, այլ՝ թե ինչպես ենք անում: Բազմաթիվ խնդիրներ, որ այսօր քննարկվում են՝ նույն Հայոց պատմության դասագրքի հետ կապված, կարող էին չլինել, եթե, օրինակ, դասագրքերի մրցույթը նորմալ կազմակերպվեր: Դասագրքերը չեն անցել գիտական փորձաքննություն», - նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Ձև՞, թե՞ բովանդակություն. կրթության որակով մտահոգված մարդիկ այսօր հիմնականում հենց այս հարցն են առաջ քաշում, ընդգծելով՝ արդյո՞ք բարեփոխումները, որոնց մասին տևական ժամանակ է խոսում են պետական այրերը, նպատակային են, թե՞ պարզապես արվում են անելու համար։