Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել նախնական նիստ՝ Հակարիի կամրջից անցած ամառ առևանգված, ապա 15 տարվա ազատազրկման դատապարտված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ բողոքը քննարկելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վագիֆ Խաչատրյանը ցուցմունք է տվել, ասել, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Փաստաբանը դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 15-ին։
Բաքվի ռազմական դատարանը նոյեմբերի 7-ին 15 տարվա ազատազրկման դատապարտեց Վագիֆ Խաչատյանին: Բաքուն արցախցուն մեղադրում է «ցեղասպանության» հոդվածով, մասնավորապես՝ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։
Փաստացի իր շահերը միայնակ պաշտպանող Վագիֆ Խաչատրյանը դատարանում բազմիցս հերքել է իր մասնակցությունը Մեշալիի դեպքերին, պնդելով՝ ինքն այդ օրերին գտնվում էր Շուշիի բանտում։