Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վաղաժամկետ կլքի պաշտոնը և կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին։ Եվրոպական խորհրդի ղեկավարի և պատգամավորի պաշտոնները չեն կարող համատեղվել։
Լրագրողների հետ զրույցում Միշելը նշել է, որ իր իրավահաջորդի անունը կարող է հրապարակվել հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։
Եվրոպական խորհրդի ղեկավարը ընտրություններին կմասնակցի Բելգիայի «Բարեփոխումների շարժում» կուսակցությունից։ Նա այն ղեկավարել է 2011-ից 2019 թվականներին։
Միշելը կկատարի իր ներկայիս պարտականությունները մինչև հուլիսի 16-ին Եվրախորհրդարանի պատգամավորի երդմնակալությունը։ Եթե մինչ այդ նրա իրավահաջորդի թեկնածության հարցը չլուծվի, ապա Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնակատարը կլինի Հունգարիայի ներկայացուցիչը, քանի որ այդ ժամանակ երկիրը նախագահելու է ԵՄ խորհուրդը։
Շառլ Միշելը 48 տարեկան է։ Նա բելգիացի է, Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին՝ փոխարինելով Դոնալդ Տուսկին։ Մինչ այդ քաղաքական գործիչը զբաղեցրել է Բելգիայի վարչապետի պաշտոնը և եղել է երկրի կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը։
Միշելի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024 թվականի նոյեմբերին։ Եվրախորհրդարանի ընտրությունները նշանակված են հունիսի սկզբին։ Եվրոպական խորհրդի ղեկավարը նշանակվում է երկուսուկես տարով՝ նույն ժամկետով նրա լիազորությունները երկարացնելու հնարավորությամբ։