Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ադրբեջանն ընդգրկեց Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախում սրբավայրերի վտանգման պատճառով


Արցախ, Ամարաս, արխիվ
Արցախ, Ամարաս, արխիվ

Միացյալ Նահանգներն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանից բացի ցանկում ընդգրկվել են նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոմորոսը և Վիետնամը:

Պաշտոնական Վաշինգտոնի այս որոշումը հաջորդել է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի պահպանման առնչությամբ Միջազգային կրոնական ազատության հարցերով Միացյալ Նահանգների հանձնաժողովի բարձրաձայնած մտահոգություններին:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ շուրջ 105 հազար մարդ, ստիպված եղավ հեռանալ Հայաստան:

Ամերիկյան հանձնաժողովը տագնապ է հնչեցրել նաև Իլհամ Ալիևի ղեկավարած՝ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում կրոնական գործունեության կարգավորումների առնչությամբ, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների գրանցման և պաշտոնական մարմնի կողմից նրանց գրականության հաստատման պահանջների:

Բլինքենը հայտնել է նաև, որ բացի «հատուկ դիտարկման ցանկից», ևս 12 երկիր կրոնական ազատության առումով «առանձնահատուկ մտահոգություն» է հարուցում, դրանք են՝ Բիրման, Չինաստանը, Կուբան, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը և Թուրքմենստանը: Այս ցանկում նախորդ տարվա համեմատ փոփոխություններ չկան:

XS
SM
MD
LG