Հանրապետության հրապարակի շուրջ հազար քառակուսի մետր տարածքում՝ ավելի քան տասը Ձմեռ պապ։ Ստացվում է՝ մեկական Սանտա յուրաքանչյուր 100 քառակուսի մետրի համար։
Մինչ ծնողները մտածում են, թե ինչպես բացատրել երեխաներին` որ մեկն է այն միակն ու իրականը` կարմիր զգեստով, արհեստական բեղ-մորուսով պապերն առաջին քայլն են անում՝ խաղասեղանի վրա վճարովի լուսանկարն է.... ամեն կերպ պետք է համոզել ու ցույց տալ սեփական բացառիկությունը հոծ բազմության մեջ:
Տոն օրերին գումար աշխատելը միայն Սանտաների մենաշնորհը չէ. այստեղ են նաև մուլտհերոսները՝ առանց արջի մնացած Մաշան, Միկի Մաուսը և այլոք, իսկական ձիուկ էլ կա: Ազատ մնացած քառակուսի մետրերը մութն ընկնելուն պես էլ ավելի են պակասում:
Շատ մանուկներ տարակուսած են, անգամ վախեցած. մի քիչ էլ ու ուրախության վայրում երեխաների լացը կգերիշխի:
Մի փոքր ավելի մեծ երեխաներն արդեն կռահել են՝ իսկական Ձմեռ պապին Հանրապետության հրապարակում չեն գտնի, նա գումարի դիմաց լուսանկարվելուց շատ ավելի կարևոր գործեր ունի:
«Ես հավանում եմ իսկականը, իսկականը էն, որ ձյուն ա գալիս, ինքը թաքուն [նվերը] բերում ա», - ասաց երեխաներից մեկը:
«Բա Ձյունանուշիկն ու՞ր է, էսքան Ձմեռ պապ, իսկ թոռնուհին չկա», - նեղսրտում են փոքրիկները։ Ճերմակ պատմուճաններով Ձյունանուշերի բացակայությունն Աշուղ Աստղանուշն էլ է նկատել, տեսարանը մի նոր ոտանավորի պատճառ դարձավ:
Քիչ անց մեկին նկատեցինք, թոռնուհին գոհ է, որ ինքը միակն է. - «Իրականում չգիտեմ պատճառը որն ա, բայց ես ուրախ եմ, որ միակն եմ»:
Ձմեռ պապերն ու մյուսներն, ի դեպ, փողոց դուրս գալուց առաջ պետք է լիցենզիա ստանան՝ հատուկ փաստաթուղթ: Տոներին ընդառաջ քասթինգի փուլ կա։ Քաղաքային իշխանությունները շաբաթներ առաջ էին հայտարարել՝ սկսում են դիմումների ընդունումը։ Տարածքի միակ Ձյունանուշի հետ շրջող Ձմեռ պապը վստահեցնում է՝ ինքը շատ պարտաճանաչ է, իսկ քասթինգը դաժան էր, հրապարակում ընտրյալներն են:
Հրապարակի խառը տեսարանները, մեծաթիվ Ձմեռ պապերը շատերի սրտով չեն, ծնողներն ասում են՝ ավելի պատշաճ վերահսկողություն է պետք:
«Դե բոլորս հասկանում ենք իրենց նպատակը որն ա, իրականում ճիշտ չի, սրա վերահսկողությունն, իհարկե, մեզ չի վերապահված, այլ ավելի բարձր մարմիններին», - ասաց բնակիչներից մեկը:
Ձմեռ պապերից Ֆեյսբուքում էլ են դժգոհում, ոմանց մի մութ անկյունում ծխող Սանտաներն են հիասթափեցրել, ոմանց էլ բեղ-մորուսից այն կողմ հասնող ալկոհոլի հոտը։