«Թայվանի և Չինաստանի Ժողովրական Հանրապետության վերամիավորումը անխուսափելի է», - ամանորյա իր ուղերձում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Հայրենիքի վերամիավորումը պատմականորեն անխուսափելի է։ Թայվանի նեղուցի երկու կողմերում ապրող հայրենակիցները պետք է նույն նպատակներն ունենան և կիսեն չինացի ժողովրդի վերածննդի փառքը», - հայտարարել է Սի Ծինփինը։
Չինաստանի ղեկավարի հայտարարությունը հնչել է Թայվանում կայանալիք նախագահական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ: Հունվարի 13-ին կայանալիք այդ ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է Պեկինի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու և Թայվանը՝ անկախ պետություն հռչակելու կողմնակիցների միջև։