Մատչելիության հղումներ

ԲՏԱ նախարարությունում, ըստ վարչապետի, «նոր լիցք և մոտեցումներ են հարկավոր»


ԲՏԱ այժմ արդեն նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը, արխիվ
ԲՏԱ այժմ արդեն նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը, արխիվ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանն «Ազատությանն» այսօր հրաժարվեց մեկնաբանել՝ վարչապե՞տն է իրեն պաշտոնանկ արել, թե՞ սեփական ցանկությամբ է ազատվել նախարարի պաշտոնից, և ի՞նչն է եղել այդ որոշման պատճառը։ Ասաց՝ չի մեկնաբանում։

Խաչատրյանը պաշտոնավարեց շուրջ 1 տարի 8 ամիս։ Կառավարությունից էլ չեն պարզաբանում նրա պաշտոնանկության պատճառները:

Խաչատրյանի սպասվող պաշտոնանկության մասին լրատվամիջոցները դեռ շաբաթներ առաջ էին գրում։ Արդյոք վարչապետը գո՞հ է իր աշխատանքից, լրագրողները տասն օր առաջ էին հետաքրքրվել նախարարից, այդ ժամանակ վստահեցրել էր, թե նման քննարկում չի ունեցել Կառավարության ղեկավարի հետ. - «Նման քննարկում չի եղել, ես չեմ կարծում, որ տեղիք կա մեկնաբանելու»:

Ռոբերտ Խաչատրյանի ազատմանը նախորդել էր «Հետք» պարբերականի հրապարակումը, որ նախարարությունը
լուծարվող ու գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ՏՏ ընկերություններին շուրջ կես միլիոն դոլարի պետական աջակցություն է տրամադրել։ Պետական աջակցությունը նախատեսված էր դոլարի կտրուկ արժեզրկման ընթացքում արտերկրի շուկաների համար աշխատող ու դոլարով վարձատրվող ՏՏ ընկերությունների համար։

Խաչատրյանը մեկուկես ամիս առաջ «Ազատությանը» տված մեկնաբանությունում վատնում չէր համարել իր այդ որոշումը։ «Չի ակնկալվել, որ գումարը տալուց հետո որոշակի գործունեություն կամ արդյունք իրենք պետք է ներկայացնեն», - ասել էր նախարարը:

Մինչդեռ անցած տարի ընդհանուր 10 միլիարդ դրամի աջակցության որոշումը ներկայացնելիս Ռոբերտ Խաչատրյանն ինքն էր հայտարարել, որ այն հնարավորության կտա պահպանել ոլորտի աշխատատեղերն ու աշխատավարձերը։

Խաչատրյանը պաշտոնանկությունից շուրջ տասն օր առաջ էլ խորհրդարանում քննադատության էր ենթարկվել իշխանական պատգամավորների կողմից՝ Հայաստանի թվայնացման ռազմավարությունը «գրեթե ձախողելու» համար։

«Ինչո՞ւ առաջնորդություն չի ստանձնվել, ինչո՞ւ ժամկետները չեն պահպանվել, ինչո՞ւ միջոցառումները չեն իրականացվել, ինչո՞ւ մարդկային ռեսուրսներ չեն ներգրավել», - հայտարարել էր Նարեկ Զեյնալյանը:

«Խուսանավելու կարիք չկա, մենք էստեղ չենք հավաքվել, որ ինչ-որ մեկի համար դատավճիռ ներկայացնենք, մենք հավաքվել ենք՝ հասկանալու՝ խնդիրն ի՞նչն է, որ 2019 թվականից, կարելի է ասել, սկսել է թվայնացման գործընթացը, 23 թվականի դեկտեմբերին, ոչ մի բան դեռևս [...], մենք դեռ ունենք գրեթե զրոյական վիճակ», - ասել էր Լուսինե Բադալյանը:

«Երբ ես կարդում եմ հաշվեքննությունը, ինձ ակնհայտ է դառնում, որ դուք չեք կարողանալու անել այդ ձեր նախանշած թվայնացման գործընթացը մեր նախարարություններում, որովհետև կա որակավորված մասնագետների պակաս, թվայնացմանն առնչվող հիմնահարցերի քննարկման բացակայություն, տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրության բացակայություն, կիբերանվտանգության մասին օրենքի բացակայություն, թվային հարթակների հաշվառման նպատակով մշակված միասնական մեթոդաբանության բացակայություն, թվայնացման ստանդարտների անհամապատասխանության վերլուծություններ չի արված», - նշել էր Արփինե Դավոյանը:

«Դուք ասում եք՝ իրականում կա բան արված, բայց բոլորիս համար է իրականում տեսանելի, որ շատ բան արված չի», - հավելել էր Էդգար Հակոբյանը:

Թվայնացման վերաբերյալ հիմնականում բացասական ձևակերպումներով ուսումնասիրությունը Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն էր ներկայացրել օրենսդիրներին։ Մինչդեռ ինքը՝ Ռոբերտ Խաչատրյանը, ոչ բոլոր քննադատություններին էր համաձայն։

«Որոշ միջոցառումներ ռազմավարությունից բխող՝ եթե մենք դրանով ենք դատում, թե արդյոք թվայնացման մեջ մենք առաջընթաց ունենք Հայաստանում, թե՝ ոչ, կարծում եմ՝ սխալ է դա, որովհետև էդ միջոցառումները և արված աշխատանքը մի քիչ իրար հետ սինխրոնիզացված չեն: Դա գալիս է նրանից, որ փոխվել է ընդհանուր տրամաբանությունը, թե ոնց է մոտեցումը թվայնացման առումով լինելու, այսինքն՝ քաղաքացիակենտրոն մոտեցումով ենք առաջ շարժվելու, և մեր հիմա աշխատանքը պիտի լինի նա, որպեսզի ռազմավարությունը մենք բերենք համապատասխանեցնենք էս նոր մոտեցումներին և նաև միջոցառումների ծրագրի մեջ էդ փոփոխությունը անենք, որպեսզի նման իրավիճակներ այլևս չլինեն, որ, չգիտեմ, նշված լինի 20 միջոցառում, որից 10-ը կատարված չի», - հայտարարել էր Խաչատրյանը:

ԲՏԱ նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, արխիվ
ԲՏԱ նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, արխիվ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանը։ 33-ամյա նորանշանակ նախարարը նախորդ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր էր, Կրթության, գիտության հանձնաժողովի նախագահը։ Հեղափոխությունից հետո մի քանի ամիս ղեկավարել է Սփյուռքի նախարարությունը։ 2021-ից «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն էր։ Նա մասնագիտությամբ արևելագետ է։

«Նոր լիցք և մոտեցումներ են հարկավոր»

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Շաբաթ օրը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս գերատեսչությունն է համակարգում նաև ռազմարդյունաբերության, հեռուստատեսության, ռադիոյի բնագավառները, և որ այս ընթացքում մեծ և էական աշխատանք է կատարվել:

«Կարծում եմ, որ մեր խնդիրներից մեկն է` ոլորտում ապահովել նախարարության գործունեության շարունակականությունը, բայց նաև նոր լիցք և մոտեցումներ են հարկավոր, իհարկե, հիմնվելով եղած լավագույն ավանդույթների վրա։ Համոզված եմ, որ հենց այդ մոտեցմամբ մեր նախարարները նաև կհամագործակցեն։ Հույս ունեմ՝ պարոն Խաչատրյանը կուտակած փորձը, խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցի պարոն Հայրապետյանին, և մենք կկարողանանք ծրագրերի բնականոն իրագործումը շարունակել, նոր ծրագրեր բերել և նոր հաջողություններ գրանցել», - Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG