Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ևս մեկ լրագրող է կալանավորվել


Ադրբեջանում կալանավորվել է լրագրող Շամո Էմինովը։ Նա համագործակցում էր «Կանալ 13» ինտերնետային անկախ լրատվամիջոցի հետ։

Նրան ձերբակալելու մասին պատմել է նրա կինը, հայտնելով, որ ամուսինը հարցազրույց վերցնելու նպատակով դեկտեմբերի 22-ին դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ Նույն օրը երեկոյան ոստիկանությունից զանգել են ու հայտնել, որ Էմինովը ոստիկանական բաժանմունքում է և խնդրել են բերել նրա դիպլոմը։

Կինը, երբ ոստիկանական բաժանմունքից տուն է վերադարձել, տեսել է, որ բնակարանը տակնուվրա է արված, իսկ լրագրողի համակարգիչը չկա։ Հինգ օր անց Էմինովը զանգահարել է կնոջը և հայտնել, որ իրեն կալանվորել են մաքսանենգության գործով։

Վերջին երկու ամիսներին Ադրբեջանում «Կանալ 13» և «Աբզաս մեդիա» լրատվամիջոցների ավելի քան մեկ տասնյակ լրագրողներ ու խմբագիրներ են կալանավորվել։

Միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունները, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հարգել մարդու իրավունքները, խոսքի և արտահայտվելու ազատությունները և անհապաղ ազատ արձակել նրանց։

XS
SM
MD
LG