Մատչելիության հղումներ

Երևանին ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերում ներքաշելու փորձեր ենք տեսնում. Զախարովա


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե Արևմուտքն անտարբեր է հայ բնակչության ճակատագրի հանդեպ, իսկ Ռուսաստանի համար Հայաստանի բարգավաճումը շատ կարևոր նշանակություն ունի։

«Անցնող տարին բարդ էր շատ երկրների և աշխարհի շատ ժողովուրդների համար։ Այն բարդ էր նաև Հայաստանի, մեզ բարեկամ ժողովրդի համար։ Մենք ամենատարբեր փորձեր ենք տեսնում՝ Երևանին ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք տեսնում ենք, որ Արևմուտքը բացարձակապես անտարբեր է հայ բնակչության ճակատագրի, Հայաստանի ժողովրդի հանդեպ։ Նրանց զգացումները, նրանց պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը նրանք օգտագործում են բացառապես սեփական շահերի համար», - հայտարարել է Զախարովան, իսկ Ռուսաստանի մասին ասել է, թե հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ պատրաստ են ամեն կերպ աջակցել խաղաղությանը, Հայաստանի կայունությանն ու բարգավաճմանը։ «Մեզ համար դա իսկապես կարևորագույն նշանակություն ունի», - ընդգծել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը, ում՝ Հայաստանի մասին, հայ - ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հայտարարությունները Հայաստանում միանշանակ չէին ընդունվում, այսօր իր մաղթանքներն է հղել հայ ժողովրդին։

«Իմ կողմից Հայաստանի ժողովրդին ես սրտանց ցանկանում խաղաղություն, բարգավաճում նոր տարում և հնարավորինս քիչ խնդիրներ, քան նրանք, որոնց բախվեցին անցած տարում», - ասել է Զախարովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG