Մատչելիության հղումներ

Գյումրիում տուրիզմի ոլորտում աշխատող ընկերությունները կարևորում են նոր կարգավորումները


Ազգային ժողովն օրերս տուրիզմի ոլորտը կանոնակարգող օրենք ընդունեց։ Վերջին տարիներին ակտիվ տուրիստական ուղղություն դարձած Գյումրիում ոլորտում աշխատող ընկերությունները կարևորում են նոր կարգավորումները։ «Գյումրի տուր»-ի տնօրեն Գոռ Թորոսյանը կարծում է՝ եթե օրենքը գործի, դաշտն աստիճանաբար կմաքրվի։

Ըստ օրենքի՝ զբոսավարը պետք է վերապատրաստվի ու լիցենզավորվի Զբոսաշրջության կոմիտեում։ «Մարմար տուր»-ի ներկայացուցիչ Լիզա Գասպարյանն ասում է՝ լիցենզավորումը շատ կարևոր է, թե չէ զավեշտալի դեպքերի պակաս չկա։

«Գալիս էին, ասում էին՝ Թումանյանի թանգարանը գտնվում է Գյումրիի Աբովյան փողոցում, որպեսզի այդպիսի զավեշտալի ու ցնցող պատմություններ չունենանք, շատ գովելի է», - նշեց Գասպարյանը:

Միաժամանակ մտավախություն կա, որ լիցենզավորման դեպքում էլ նախապատվությունը կտրվի ծանոթ-բարեկամին. - «Անցկացման կարգն ու ձևը պարզ չի, բայց այն, որ մենք ապրում ենք Հայաստանում դեռևս, այո, կարող է և պրոֆեսիոնալների հետ նորից դաշտ խցկվեն ինչ-որ զարտուղի ճանապարհներով նաև այն մարդիկ, որոնք իրականում չեն համապատասխանում»:

Գիդերի լիցենզիա ունենալ-չունենալը ստուգելու են պարեկները։ ԱԺ-ի պատգամավոր Դավիթ Առուշանյանն ասում է՝ երկար են քննարկել ու ի վերջո կանգնել են այս տարբերակի վրա։

Գոռ Թորոսյանը տարակուսում է, թե ինչպես են պարեկները վերահսկելու. - «Ենթադրենք, ես իմ ընկերների հետ քայլում եմ ու պատմում եմ քաղաքի մասին, բայց ես գիդ չեմ, մասնագետ չեմ, ի՞նչ, պարեկը պետք է գա տուգանի՞ ինձ»:

Այս օրենքով նաև չի թույլատրվի, որ արտերկրից Հայաստան զբոսաշրջիկ բերող տուր օպերատորի գիդն իր նպատակահարմարությունից ելնելով Հայաստանը ներկայացնի, դա միայն լիցենզավորված գիդին է վերապահված։ Սա նաև ազգային անվտանգության հարց է, ասում է օրենքի համահեղինակ պատգամավորը։

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Անահիտ Մկրտչյանն ասում է՝ խախտումների դեպքում վարչականից մինչև քրեական պատասխանատվություն է սահմանված:

«Օրինակ՝ գիդը կամ հյուրանոցային ծառայությունը ընդհանրապես առանց ծանուցելու գործունեություն են իրականացնում, դա արդեն քրեական պատասխանատվության է ենթարկվում», - նշեց Մկրտչյանը:

Օրենքը կարգավորում է նաև հյուրանոցների, դրանց աստղերի համապատասխանության, տուրիստների փոխադրամիջոցների հարցերը։ Նաև արտերկիր գնացող զբոսաշրջիկների համար են երաշխիքներ ստեղծվել, որ փոխանցված գումարները չկորեն կամ էլ արտերկրում չմնան։

Իշխանական պատգամավորն ասում է՝ օրենքը դեռ լրամշակման կարիք ունի, դրա անհրաժեշտությունը նաև ոլորտում գործունեություն իրականացնողներն են տեսնում։

Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ այս տարի Հայաստան շուրջ 2 մլն 200 հազար զբոսաշրջիկ է այցելել։ Իշխանությունները սա ռեկորդային թիվ են համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG