«Ղարաբաղի հարցը մեր հարցն էր, մենք պետք է լուծեինք՝ իմանալով, որ եթե չլուծենք, ահա այսօր այս վիճակին կհասնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ շեշտելով՝ կարող է տասից ավելի մեղավորների անուններ նշել Հայաստանից դուրս, սակայն ուզում է դժբախտությունների բանալին միշտ գտնել Հայաստանի ներսում։
«Ուզում եմ հասկանալ՝ ինչը սխալ արեցինք, որ հասանք էսօրվան, և ավելին ասեմ՝ կարո՞ղ է էլի շարունակենք սխալներ անել, որ հիմա էլ էսօրվանը երանի տանք», - ասաց Հակոբյանը՝ հիշեցնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը «հայրենական ընդդիմությունը համարում էր դավաճանություն»։
«Հիմա էդ մարդիկ էդ թուղթը ձեռներն ընկել են փողոցները, ասում են՝ «բա նոյեմբերի 9-ն ենք ուզում», - ասաց լրագրողը՝ ընդգծելով՝ սխալը Հայաստանի ներսում էր, «մենք չկարողացանք ճիշտ գնահատել մեր ուժերը, մենք չկարողացանք գնահատել, թե տարածաշրջանային ինչ փոփոխություններ են տեղի ունենում»։
«Որքան էլ ես քննադատեմ Նիկոլ Փաշինյանին, որ նա, ունենալով ժողովրդի քվեն, 2018-ին նա չգնաց կարգավորման, ավելին՝ նա գնաց և ասեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իր կետից սկսելու այդ հայտնի հայտարարությունները, այնուամենայնիվ ես չեմ կարող կույր ձևանալ և չնկատել, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցավ այն, ինչ 1920 թվականին՝ ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունում ոտնահարվեց հայ ժողովրդի շահերը։ Այս եռյակ դաշնությունը ամենամեծ վնասը հասցրեց Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին, ինչպես և հասցրեց 1920 թվականին։ Սա էլ եմ ես տեսնում, բայց կրկնում եմ՝ հիմնական խնդիրը նա էր, որ ճիշտ չհաշվարկեցինք։ Պետք է արմատները փնտրել Հայաստանի ներսում», - ասաց Հակոբյանը՝ շեշտելով՝ հիմա էլ է տեսնում որոշ վտանգավոր միտումներ։
«Թող չթվա, որ ամեն ինչը սրանով ավարտվել է, և եթե մենք չկարողանանք հիմա ճիշտ քայլեր կատարել, այ էս ստորացված վիճակին ենք երանի տալու», - ասաց լրագրողը։
Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․